Ռուս ուսանողների օրվա նախօրեին՝ ս.թ. հունվարի 23-ին, Երևանում Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Տատյանայի օրվան, որը համալսարանական կարևորագույն տոներից մեկն է։
Տատյանայի օրվա պատմությունը սկիզբ է առնում 1755 թվականի հունվարի 25-ից, երբ ստորագրվեց «Մոսկվայի համալսարանի հիմնադրման մասին» հրամանագիրը։ Այդ օրվանից ի վեր՝ տվյալ ամսաթիվը նախ դարձավ ՄՊՀ-ի հիմնադրման օր, ապա՝ ռուսական ուսանողության խորհրդանիշ՝ մարմնավորելով ակադեմիական ավանդույթների շարունակականությունը, գիտելիքի նկատմամբ հարգանքը և համալսարանական արժեքները։
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի ուսումնական աշխատանքների գծով գործադիր տնօրենի տեղակալ Ժան Գրիգորի Բաղիյանը։ Իր ելույթում նա, ընդգծելով տոնի առանձնահատուկ մթնոլորտը և համալսարանական ավանդույթների կարևորությունը, նշեց․ «Տատյանայի օրը միասնության, բարձր տրամադրության և ակադեմիական մշակույթի նկատմամբ հարգանքի տոն է։ Քննաշրջանից հետո հատկապես հաճելի է այն միասին նշելը մեղրախմիչքով (медовуха), որը պատրաստվել է ՄՊՀ-ի ռեկտոր, ակադեմիկոս Վ. Ա. Սադովնիչու հատուկ բաղադրատոմսի բոլոր կանոնների համապատասխան»։
Ռուս ուսանողների օրվա կապակցությամբ շնորհավորական խոսքով հանդես եկավ նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-ներկայացուցիչ Մաքսիմ Սելեզնյովը՝ ընդգծելով Տատյանայի օրվա միավորող նշանակությունն ու երիտասարդների դերը ռուս-հայկական հարաբերությունների զարգացման գործում։
Միջոցառման գլխավոր իրադարձությունը դարձավ «Տարվա լավագույն ուսանող» անվանակարգում պարգևների հանձնման արարողությունը։ Դիպլոմներով և հուշանվերներով պարգևատրվեցին այն ուսանողները, որոնք աչքի են ընկել ակադեմիական բարձր առաջադիմությամբ, քաղաքացիական դիրքորոշմամբ և կրթական ու հասարակական նախագծերին ակտիվ մասնակցությամբ։ Պարգևներ հանձնվեցին ռուսական և հայկական բուհերի ուսանողների՝ մասնագիտական տարբեր ոլորտներից՝ հումանիտար և բանասիրական ուղղություններից մինչև տնտեսագիտություն, մենեջմենթ, ինֆորմատիկա և դիզայն։
«Տարվա լավագույն ուսանող» կոչմանն առաջադրված ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի IV կուրսի ուսանողուհի Ավետիսյան Լուսինեն նշեց․ «Այս պարգևը մեծ պատիվ է և միաժամանակ՝ պատասխանատվություն։ Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում ուսումնառությունը տալիս է ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև խոր հարգանք ռուսաց լեզվի և մշակույթի նկատմամբ։ Իսկ պարգև ստանալը Երևանում ՄՊՀ-ի մասնաճյուղի պատերի ներսում տալիս է համալսարանական ավանդույթին հաղորդակից լինելու զգացում։ Կշարունակեմ զարգանալ և արդարացնել դասախոսներիս վստահությունը»։
Պաշտոնական հատվածին հաջորդեց համերգային ծրագիր։ Միջոցառման հյուրերի համար ելույթ ունեցավ «ANOTHER STORY BAND» խումբը՝ ստեղծելով տոնական մթնոլորտ և հիշեցնելով, որ ուսանողական տարիները միայն ուսումն ու քննությունները չեն, այլև ընկերության, ստեղծագործական ընթացքի, վառ ու հիշարժան բազում իրադարձությունների ժամանակահատվածը։

