Բանասիրական գիտությունների թեկնածու, Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի (Սլովակիա) կիրառական լեզուների ֆակուլտետի սլավոնական լեզուների և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի դասախոս Թերեզիա Շերեշովան այցելեց Ռուս բանասիրության ֆակուլտետ:
Այցի շրջանակում բ.գ.թ. Թերեզիա Շերեշովան հանդիպեց ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովային: Կողմերը քննարկեցին համալսարանների միջև ակադեմիական համագործակցության հետագա հեռանկարները` հատուկ ուշադրություն դարձնելով համատեղ սեմինարների և դասախոսությունների առցանց կազմակերպման, ինչպես նաև ուսանողների և դասախոսների համար ակադեմիական փոխանակման ծրագրերի զարգացման հնարավորություններին:
Անձամբ հետևելով նաև Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ռուսաց լեզվի դասընթացներին՝ այցի ընթացքում Թերեզիա Շերեշովան ծանոթացավ ուսումնական գործընթացին, տնտեսագետ ուսանողներին ռուսաց լեզու դասավանդելու մեթոդական առանձնահատկություններին: Հետայդու տեղի ունեցավ մասնագիտական քննարկում Ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Անուշ Մկրտչյանի հետ: Մասնակիցները քննարկեցին ոչ լեզվական միջավայրում ռուսաց լեզվի դասավանդման մեթոդական մոտեցումները, ներկայացրին իրենց փորձն ու դիտարկեցին մեթոդական փոխգործակցության հետագա հնարավորությունները:
Սլովակ գործընկերոջ այցը կարևոր քայլ է ֆակուլտետի միջազգային ակադեմիական կապերի ամրապնդման գործընթացում, որը խոստանում է նոր հեռանկարներ բացել կրթական համատեղ նախաձեռնությունների և գիտական համագործակցությունների համար:


