ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. մարտի 10-ին տեղի ունեցավ «Հաջողության ալգորիթմ. գրելուց մինչև ավարտական աշխատանքների պաշտպանություն» խորագրով սեմինար՝ նվիրված դիպլոմային հետազոտությունների նախապատրաստման առանցքային փուլերին:
Սեմինարավար, Ռուս գրականության ամբիոնի դոցենտ Մ. Ա. Մկրտչյանը հանդիպման ընթացքում շուրջ 18 ուսանողի տրամադրեց անհրաժեշտ խորհրդատվություն` որակավորման ավարտական աշխատանքների նախապատրաստման համար: Քննարկվեցին ավարտական աշխատանքին ներկայացվող հիմնական պահանջները, աշխատանքի համապատասխան կառուցվածքը, ձևավորման կանոնները, ինչպես նաև թեմայի ընտրության և հետազոտության նպատակների ու խնդիրների ձևակերպման սկզբունքները:
Հատուկ ուշադրություն դարձվեց հետազոտական մասի կազմակերպմանը։ Մասնակիցներին ներկայացվեցին հետազոտության նախապատրաստական փուլերի հաջորդականության, գիտական աղբյուրների որոնման առանձնահատկությունների և գրականության ցանկի ճիշտ ձևավորման վերաբերյալ տեղեկություններ: Հատուկ անդրադարձ արվեց ակադեմիական բարեխղճության պահպանման կանոններին:
Սեմինարի առանձին հատված նվիրված էր ավարտական աշխատանքի պաշտպանության նախապատրաստմանը: Ուսանողներին ներկայացվեցին հանրային խոսքի կանոնները, թեզը պաշտպանելու համար սահիկաշար ստեղծելու սկզբունքները, ինչպես նաև պետական քննական հանձնաժողովի առջև ելույթ ունենալու և հարցերին պատասխանելու կարգը:
Ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված միջոցառման ընթացքում ուսանողները, բարձրաձայնելով ավարտական աշխատանք գրելու իրենց դժվարությունները, ստացան հուզող հարցերի պատասխանները:
Սեմինարը վերածվեց գործնական հարթակի, որը հնարավորություն տվեց ուսանողներին համակարգելու և խորացնելու գիտական հետազոտությունների հիմնական փուլերի վերաբերյալ գիտելիքները:


