Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը տեղի ունեցավ հայ հասարակական գործիչների և մանկավարժների պարգևատրման հանդիսավոր արարողությունը՝ արժևորելու Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում նրանց ներդրած նշանակալի ավանդը:
Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք հղեց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը: Նա նշեց, որ յուրաքանչյուր մրցանակ խոր երախտագիտության արտահայտություն է այն մարդկանց, որոնք իրենց գործունեությունը նվիրել են մարդասիրական իդեալներին ծառայելուն, երկու երկրների միջև մշակութային երկխոսության ամրապնդմանը և պատմական ընդհանուր հիշողության պահպանմանը:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիաննա Մաթևոսյանն արժանացավ Ռուսաստանի Դաշնության նախագահի շնորհակալագրին՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև մշակութային-հումանիտար կապերի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:
Նրա գիտական մանկավարժական գործունեության բարձր գնահատականը վկայում է ռուսագիտության, միջմշակութային հաղորդակցության և հումանիտար համագործակցության ամրապնդման ոլորտում կատարած աշխատանքի կարևորության մասին:





