Ռուս բանասիրության ֆակուլտետում դասղեկ Ա. Կարապետյանի և ռուսաց լեզվի ուսուցչուհի Ի. Գազարովայի ուղեկցությամբ հյուրընկալվեցին Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի VIII «Ա» դասարանի աշակերտները:
Աշակերտները Ռուս բանասիրության ֆակուլտետ էին այցելել «Լեզու և մշակույթ․ միջմշակութային հաղորդակցության առանձնահատկությունները» ինտերակտիվ նախագծի շրջանակում: Աշակերտները ներկայացրին զեկուցումներ՝ «Տղամարդն ու կինը տարբեր լեզվամշակույթներում», «Դաստիարակությունն ու կրթությունը տարբեր մշակույթներում», «Վախը տարբեր լեզվամշակույթներում», որոնք նվիրված էին միջմշակութային հաղորդակցության արդիական խնդիրներին։ Աշակերտներն իրենց աշխատանքները կատարելիս հիմք էին ընդունել Ռուս բանասիրության ֆակուլտետի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր Լիլիթ Բրուտյանի «Զրույցներ միջմշակութային հաղորդակցության մասին» գիրքը:
Ելույթներին հաջորդեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում գրքի հեղինակ Լ. Բրուտյանի հետ։ Պրոֆեսորը պատասխանեց աշակերտների բազմաթիվ հարցերի, ներկայացրեց հետաքրքիր կենսական օրինակներ և ցույց տվեց, թե ինչպես մշակութային տարբերությունները կարող են ազդել հաղորդակցության վրա և երբեմն հանգեցնել թյուրըմբռնումների։
Միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցավ նաև Ռուս բանասիրության ֆակուլտետի «Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն (ռուսերեն)» կրթական ծրագրի IV կուրսի ուսանողուհի Մանե Մկրտչյանը։ Նա ներկայացրեց իր ավարտական աշխատանքի որոշ հատվածներ, որոնք նվիրված էին ռուսական և հայկական ասացվածքներում տղամարդու և կնոջ կերպարների վերլուծությանը։ Աշակերտները մեծ հետաքրքրությամբ ներգրավվեցին քննարկմանը, համեմատեցին հայկական, ռուսական ընտանեկան ավանդույթներն ու կատարեցին լեզվական հետաքրքիր դիտարկումներ։
Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցի աշակերտներն աչքի ընկան պատրաստվածության բարձր մակարդակով: Ուսուցիչների մասնագիտական աշխատանքի շնորհիվ աշակերտները կարողացան խորությամբ ընկալել լեզվաբանության բարդ թեմաներ։
Հանդիպման ավարտին ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան ընդգծեց աշակերտների՝ լեզվաբանության, հաղորդակցության, միջմշակութային երկխոսության նկատմամբ ցուցաբերած անկեղծ հետաքրքրությունը: Մասնակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և գրքեր։
Հավելենք, որ նման հանդիպումներն արդեն վերածվել են ֆակուլտետային ավանդույթի և աշակերտների մասնագիտական կողմնորոշման ու կրթական գործունեության կարևոր բաղադրիչի: Ռուս բանասիրության ֆակուլտետը մշտապես բաց է երիտասարդ հետազոտողների առջև և պատրաստ է կազմակերպելու տարբեր ձևաչափի միջոցառումներ՝ բաց դասեր, դասախոսություններ, կլոր սեղան-քննարկումներ, հանդիպումներ։





