ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան ս.թ. ապրիլի 13–17-ը դասախոսություններով է հանդես եկել Պալացկու համալսարանի (Օլոմոուց, Չեխիա) ուսանողների համար։
«Erasmus+» միջազգային ծրագրի շրջանակում անցյալ տարվանից ֆակուլտետը ակտիվ համագործակցում է Պալացկու համալսարանի բանասիրական ֆակուլտետի հետ։
Համագործակցությունը գիտելիքների և փորձի կենդանի փոխանակման հնարավորություն է: ԵՊՀ ուսանողները հնարավորություն են ստանում ներգրավվելու Չեխիայի եվրոպական գիտական միջավայրում, իսկ Օլոմոուցի ուսանողները դառնում են ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ակադեմիական կյանքի մի մասը։
Սա Դիանա Գազարովայի երկրորդ այցն էր Օլոմոուց։ 2025 թվականի հոկտեմբերին կայացած առաջին այցն առավելապես ներկայացուցչական բնույթ ուներ. ներկայացվել էին օտարերկրյա ուսանողների համար ԵՊՀ-ում իրականացվող կրթական ծրագրերը: Այս այցը ամբողջությամբ նվիրված էր ինտենսիվ գիտամանկավարժական գործունեությանը։
Այցի ընթացքում անցկացվել են դասախոսություններ Պալացկու համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։ Հաշվի առնելով համալսարանի կրթական ծրագրերը և ուսանողների գիտական հետաքրքրությունները՝ թեմաները նախապես համաձայնեցվել էին չեխ գործընկերների հետ։ Դասախոսությունները նվիրված էին ռուսերենի՝ որպես օտար լեզվի առավել բարդ հարցերին։
Այցի շրջանակում կազմակերպվել է նաև գրական սեմինար՝ նվիրված Ա. Սոլժենիցինի, Վ. Շալամովի և Ս. Դովլատովի «ճամբարային արձակի» լինգվոպրագմատիկ առանձնահատկություններին։ Չնայած թեմայի բարդությանը՝ դասի մթնոլորտը առանձնապես ջերմ էր, իսկ քննարկումը վերածվեց անկեղծ և բովանդակալից երկխոսության։
Ընթացիկ տարվա մայիսին սպասվում է Պալացկու համալսարանի չեխ գործընկերների այցը ԵՊՀ՝ շարունակելու և խորացնելու այս կարևոր մասնագիտական և մշակութային համագործակցությունը:



