ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում ս.թ. ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում հյուրընկալվել է Կոպենհագենի համալսարանի (Դանիա) պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ռուսերենը որպես օտար լեզու դասավանդող Մեդս Էսկիլդսենը և միջազգային ծրագրերի համակարգող Սաբրինա Սվիդտը։
Այցի հիմնական նպատակը բանասիրական առարկաների դասավանդման մեթոդաբանության ոլորտում մասնագիտական փորձի փոխանակումն ու համալսարանների միջև ակադեմիական համագործակցության զարգացումն էր։
Շաբաթվա ընթացքում դանիացի գործընկերները մասնակցել են ֆակուլտետի առաջատար դասախոսների դասերին, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը և ապագա բանասերների պատրաստման առանձնահատկություններին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ձևաբանության, շարահյուսության, ոճաբանության և բառագիտության դասավանդմանը։
Մեդս Էսկիլդսենը բարձր է գնահատել ֆակուլտետի դասախոսների մեթոդական պատրաստվածությունն ու ուսումնական նյութի մատուցման խորությունը։ Նրա խոսքով՝ ռուսաց լեզվի քերականական առանձնահատկությունների մանրամասն վերլուծությունն իր համար կարևոր և արժեքավոր մասնագիտական փորձ է։
Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպել է ֆակուլտետի դեկանին՝ քննարկելով հետագա համագործակցության հեռանկարները։ Կողմերը նախանշել են համատեղ աշխատանքի մի շարք ուղղություններ, այդ թվում՝ ուսանողական շարժունության ծրագրերի կազմակերպումը, դանիացի ուսանողների համար ԵՊՀ-ում ինտենսիվ ուսուցման հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև համատեղ դասախոսությունների և գիտակրթական սեմինարների մշակումը, որոնք հետաքրքիր կլինեն ինչպես հայ, այնպես էլ դանիացի ուսանողների համար։
Կոպենհագենի համալսարանի պատվիրակության այցը կարևոր ներդրում է ֆակուլտետի միջազգային ակադեմիական կապերի ամրապնդման գործում, որը վերահաստատեց կողմերի փոխադարձ հետաքրքրվածությունը երկարաժամկետ համագործակցության զարգացման, գործընկերային հարաբերությունների ընդլայնման հարցում:

