ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ռուս լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի պրոֆեսոր Լիաննա Մաթևոսյանը ս.թ. ապրիլի 29-ից մայիսի 3-ը աշխատանքային այց է կատարել Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան։
Այցի նպատակը «Ռուսաց լեզվի էկոլոգիան միջազգային տարածքում․ նորմայի, տարբերակայնության և լեզվական քաղաքականության հարցեր» մշտական գիտական սեմինարի նիստին մասնակցությունն էր։ Գիտական երկխոսության շրջանակում մասնակիցները քննարկել են ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու արդիական խնդիրները, լեզվական հարմարվողականության հարցերը, ինչպես նաև ռուսաց լեզվի դերը ժամանակակից գլոբալ մշակութային և կրթական տարածքում։
Սեմինարի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լեզվական նորմի, միջմշակութային հաղորդակցության և բազմալեզու միջավայրում ռուսերենը որպես օտար լեզու դասավանդելու ժամանակակից մոտեցումների հարցերին։
Այցի կարևոր բաղադրիչներից էր նաև Լիաննա Մաթևոսյանի անցկացրած վարպետության դասը Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի ռուսաց լեզվի ինստիտուտի ուսանողների համար։ Հանդիպման ընթացքում նա ներկայացրել է իր մասնագիտական փորձը, գիտամեթոդական մոտեցումները և պատասխանել ուսանողների բազմաթիվ հարցերի։
Այցի ծրագիրը ներառում էր ոչ միայն գիտական միջոցառումներ, այլև մշակութային բաղադրիչ։ Մասնակիցների համար կազմակերպվել էր շրջայց Մոսկվայում, ինչպես նաև այցելություն Օլեգ Լունդստրեմի անվան պետական կամերային ջազային նվագախմբի համերգին, որը դարձավ մշակութային ծրագրի վառ իրադարձություններից մեկը։
Պրոֆեսոր Լիաննա Մաթևոսյանի այցը ևս մեկ կարևոր քայլ դարձավ ԵՊՀ-ի և Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի միջև ակադեմիական համագործակցության զարգացման ճանապարհին, ինչպես նաև կարևոր հարթակ՝ հայ և ռուս մասնագետների միջև ռուսագիտության ոլորտում գիտական երկխոսության ամրապնդման համար։

