ԵՊՀ ռուսական կենտրոնում տեղի ունեցավ «Մահապատիժ․ կողմ և դեմ» թեմայով բաց դաս, որը կազմակերպվել էր ԵՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ։ Միջոցառումը համախմբել էր դասախոսների և ուսանողների՝ դառնալով ժամանակակից իրավունքի և հասարակության ամենաբարդ ու քննարկվող խնդիրներից մեկի շուրջ բանավեճի հարթակ։
ԵՊՀ ռուսական կենտրոնի տնօրեն Արուսյակ Ներսեսյանն ընդգծեց նման կրթական միջոցառումների կարևորությունը, որոնք նպաստում են բանավեճի մշակույթի, քննադատական մտածողության և ուսանողների հաղորդակցական կարողությունների զարգացմանը։
Իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ-գրասենյակի ղեկավար Աշոտ Պետրոսյանը կարևորեց ապագա իրավաբանների համար օտար լեզուների ուսումնասիրությունը՝ նշելով, որ լեզուների իմացությունը ժամանակակից մասնագետի մասնագիտական զարգացման կարևորագույն բաղադրիչներից է։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները, ռուսագետ դասախոսներ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Զոլյանի, ինչպես նաև Արուսյակ Ներսեսյանի, Գայանե Հովհաննեսյանի և Մարիամ Արշակյանի ղեկավարությամբ, պատրաստել էին բովանդակալից ելույթներ, որոնցում ներկայացրել էին քննարկվող թեմայի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ։
Զեկուցումներն ուղեկցվում էին հետաքրքիր ներկայացումներով՝ անդրադարձ կատարելով մահապատժի կիրառման պատմությանը, բարձրագույն պատժի նկատմամբ ժամանակակից մոտեցումներին, ինչպես նաև այն երկրների փորձին, որտեղ մահապատիժը դեռևս կիրառվում է կամ գործում է դրա նկատմամբ մորատորիում։
Առանձնահատուկ հետաքրքրություն առաջացրեց միջոցառման ինտերակտիվ հատվածը։ Քննարկումից առաջ և հետո անցկացվեց խորհրդանշական քվեարկություն, որի արդյունքները ցույց տվեցին, որ քննարկումից հետո ուսանողների շրջանում մահապատժի կողմնակիցների թիվը զգալիորեն նվազել է։
Ելույթներն ուղեկցվում էին ակտիվ քննարկումներով, լսարանի հարցերով և մասնակիցների բովանդակալից մեկնաբանություններով։ Չնայած թեմայի բարդությանը՝ միջոցառումն անցավ ազատ և ստեղծագործական մթնոլորտում, որտեղ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ արտահայտելու սեփական տեսակետը։
Բաց դասի ավարտին ԵՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ն. Մարտիրյանը շնորհակալություն հայտնեց դասախոսներին և ուսանողներին կատարած աշխատանքի համար և ընդգծեց ապագա իրավաբանների՝ ռուսաց լեզվի իմացության բարձր մակարդակը։
Նման միջոցառումների անցկացումը նպաստում է ուսանողների ոչ միայն լեզվական և հաղորդակցական հմտությունների, այլև մասնագիտական մտածողության, սեփական դիրքորոշումը հիմնավորելու և գիտական բանավեճ վարելու կարողությունների զարգացմանը։