ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողները կրկին այցելեցին Ֆիոլետովո գյուղ՝ Հայաստանի ամենահայտնի ռուսական բնակավայրերից մեկը, որտեղ մինչ օրս խնամքով պահպանվում են մոլոկան համայնքի ավանդույթները։
Ֆիոլետովո կատարվող այցերն արդեն դարձել են ֆակուլտետի բարի ավանդույթը։ Մի քանի տարի շարունակ ուսանողները գալիս են այս յուրահատուկ գյուղ՝ ծանոթանալու մոլոկանների պատմությանը, մշակույթին, լեզվին և կենսակերպին։ Մոլոկանները ռուսական հոգևոր քրիստոնեության ներկայացուցիչներ են, որոնք XIX դարում վերաբնակեցվել են Հայաստանի տարածքում։
Գեղատեսիլ Լոռու մարզի Ֆիոլետովոն Հայաստանի այն եզակի վայրերից մեկն է, որտեղ պահպանվել է ռուսական ինքնատիպ մշակույթը։ Այստեղ մինչ օրս կարելի է տեսնել ավանդական փայտաշեն տներ, լսել ռուսերեն խոսք՝ բնորոշ բարբառային առանձնահատկություններով, ծանոթանալ ժողովրդական սովորույթներին, ընտանեկան ավանդույթներին և տեղի բնակիչների առօրյա կյանքի առանձնահատկություններին։
Այցի ընթացքում ուսանողները շփվել են գյուղի բնակիչների հետ, տեղեկացել մոլոկանների՝ Հայաստան տեղափոխվելու պատմությանը, նրանց կրոնական հայացքներին, դաստիարակության ավանդույթներին, տնտեսավարման ձևերին և մշակութային ժառանգության պահպանման նկատմամբ վերաբերմունքին։
Նման այցելությունները մեծ նշանակություն ունեն ապագա բանասերների, թարգմանիչների և միջմշակութային հաղորդակցության մասնագետների համար։ Դրանք հնարավորություն են տալիս ուսանողներին ոչ միայն ընդլայնելու իրենց գիտելիքները ռուսական մշակույթի մասին Ռուսաստանի սահմաններից դուրս, այլև տեսնելու, թե ինչպես են լեզուն և ավանդույթը պահպանվում բազմազգ և բազմամշակույթ միջավայրում։
«Ֆիոլետովոն շատ մեծ տպավորություն գործեց ինձ վրա։ Զարմանալի էր, թե ինչպես են մարդիկ սերնդեսերունդ պահպանել իրենց ավանդույթները, լեզուն և կենսակերպը: Ուշագրավ էր հատկապես բնակիչների հյուրընկալությունն ու սեփական մշակույթի մասին պատմելու անկեղծ ցանկությունը»,- պատմեց ֆակուլտետի ուսանողուհիներից մեկը։
Ուղևորության մյուս մասնակիցները ևս ընդգծեցին, որ նման հանդիպումներն օգնում են ավելի լավ հասկանալու միջմշակութային հաղորդակցության առանձնահատկությունները և զգալու լեզվի, պատմության և մշակույթի կենդանի կապը։
«Նման ուղևորությունները հնարավոր չէ փոխարինել դասագրքերով։ Երբ լսում ես կենդանի խոսքը, տեսնում ավանդույթներն ու շփվում մարդկանց հետ, մշակույթը բոլորովին այլ կերպ ես ընկալում»,- նշեց ուսանողներից մեկը:
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը՝ ի դեմս դեկան Դիանա Գազարովայի և պրոֆեսորադասախոսական ողջ անձնակազմի, շարունակում է կարևորել ուսանողների գործնական շփումը տարածաշրջանի մշակութային և լեզվական բազմազանության հետ՝ համադրելով ակադեմիական կրթությունն ու կենդանի միջմշակութային փորձը։









