Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այդ օրը ֆակուլտետում հավաքվել էին դասախոսներ, շրջանավարտներ, ուսանողներ, ծնողներ և հյուրեր՝ միասին նշելու համալսարանական կյանքի կարևորագույն փուլերից մեկի ավարտը։
Շրջանավարտներին ողջույնի և շնորհավորանքի խոսքով դիմեց ֆակուլտետի դեկան Դիանա Գազարովան։ Շնորհավորելով երիտասարդ մասնագետներին համալսարանն ավարտելու առթիվ՝ նա նշեց, որ շրջանավարտների այս սերունդը հատուկ տեղ է զբաղեցնում ֆակուլտետի պատմության մեջ։ Դեկանի խոսքով՝ հենց այս ուսանողներն առաջինը հնարավորություն ունեցան ակտիվ մասնակցելու միջազգային կրթական ծրագրերին, ակադեմիական շարժունության ծրագրերին և ամառային դպրոցներին՝ արտերկրում արժանապատվորեն ներկայացնելով ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը։ Միջազգային համագործակցության ծրագրերի շնորհիվ նրանցից շատերը սովորել են եվրոպական համալսարաններում, մասնակցել գիտական նախագծերի և ձեռք բերել մասնագիտական արժեքավոր փորձ։
Արարողության պատվավոր հյուրն էր ֆակուլտետի շրջանավարտ Էլինա Շաքարյանը՝ բանասիրական գիտությունների թեկնածու, «Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիրի դասախոս, համալիրի միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրերի և ավագ դպրոցի ավարտական հետազոտությունների համակարգող, ինչպես նաև Ռուս-հայկական համալսարան բարձրագույն կրթության միջպետական կրթական կազմակերպության «Բանասիրություն» մասնագիտության պետական ավարտական հանձնաժողովի անդամ։
Շրջանավարտները ելույթների ընթացքում իրենց և համակուրսեցիների անունից անկեղծ շնորհակալություն հայտնեցին դասախոսներին և ֆակուլտետի ողջ անձնակազմին։
Շրջանավարտ Մանե Մկրտչյանը խոստովանեց, որ դեռ մի քանի տարի առաջ չէր կարող պատկերացնել, որ մի օր այսպիսի լսարանի առջև ռուսերենով ազատ ելույթ կունենա:
«Շնորհակալություն մեր սիրելի ֆակուլտետին հրաշալի չորս տարիների համար։ Շնորհակալություն մեր դեկանին, դասախոսներին և դեկանատի աշխատակիցներին՝ համբերության, իմաստության, աջակցության և մեզնից յուրաքանչյուրի հանդեպ ունեցած հավատի համար։ Դուք մեզ սովորեցրել եք ոչ միայն ռուսաց լեզու և գրականություն, այլև պատասխանատվություն, մասնագիտության նկատմամբ հարգանք և մարդկայնություն։ Այսօր մեզ հետ տանում ենք ոչ միայն դիպլոմներ, այլև անգնահատելի փորձ, հիշողություններ, իսկական ընկերություն և մարդկանց, որոնք ընդմիշտ կմնան մեր կյանքի կարևոր մասնիկը»։
Երախտիքի ջերմ խոսքեր հնչեցրեց նաև Միլենա Ղանդիլյանը, որը հատկապես կարևորեց ֆակուլտետի միջազգային համագործակցության շնորհիվ ուսանողների համար բացված հնարավորությունները:
«Շնորհակալություն մեզ տված գիտելիքների, աջակցության և հավատքի համար։ Ուսման տարիներին մենք ոչ միայն որակյալ կրթություն ենք ստացել, այլև զարգացման բացառիկ հնարավորություններ։ Ինձ համար առանձնահատուկ արժեքավոր էին «Էրազմու+» ծրագրին մասնակցությունը, ուսումնառությունը Չեխիայում, ինչպես նաև Վոլգոգրադում և Կրասնոյարսկում անցկացված ամառային դպրոցները։ Այդ ծրագրերը կարևոր դեր ունեցան իմ մասնագիտական և անձնական զարգացման գործում»։
Ուսանողներից Անի Ավագյանն ընդգծեց, որ ֆակուլտետն իրենց համար դարձել է երկրորդ տուն:
«Ֆակուլտետը մեզ համար ոչ միայն գիտելիք ստանալու վայր էր, այլև մի միջավայր, որտեղ մենք հասունացանք, սովորեցինք հաղթահարել դժվարություններն ու պատասխանատու որոշումներ կայացնել: Մեծ շնորհակալություն ենք հայտնում մեր դասախոսներին՝ գիտելիքների, համբերության և ոգեշնչման համար։ Առանձնահատուկ երախտագիտությամբ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սիրելի դեկան Դիանա Յուրիևնային՝ յուրաքանչյուր ուսանողի նկատմամբ ցուցաբերած ուշադրության, անկեղծ հոգատարության և մշտական աջակցության համար։ Մենք հեռանում ենք համալսարանից խորին երախտագիտությամբ և հպարտությամբ, որ դարձել ենք ռուս բանասիրության ֆակուլտետի մի մասը»։
Շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը դարձավ համալսարանական կյանքի կարևոր շրջափուլի ավարտի և շրջանավարտների նոր մասնագիտական ճանապարհի մեկնարկի խորհրդանիշը։












