ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները COP17-ի կանաչ գոտում Հայաստանի բուհերի կենսաբազմազանության կոալիցիայի միջոցառումների շրջանակում հանդես եկան զեկույցներով, բանավեճով և պանելային քննարկմամբ։ Սոցիոլոգիայի ֆակուլտետի մասնակցության և կազմակերպված միջոցառումների նպատակն էր կենսաբազմազանության սոցիալական նշանակության, հայ հասարակությունում ընկալման առանձնահատկությունների և բնապահպանական խնդիրների լուծման գործում սոցիոլոգիայի ու սոցիալական աշխատանքի դերակատարության քննարկումը։
Ծրագիրը մեկնարկեց ներածական հանդիպմամբ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան COP17-ի կանաչ գոտու տաղավարներին։
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, դոցենտ Յուլիանա Մելքումյանը՝ ներկայացնելով օրակարգն ու նախատեսված միջոցառումները։
«Միջոցառմանը նախապատրաստվելիս մեզ համար հետազոտությունների նոր ուղղություններ բացահայտեցինք և նորովի դիտարկեցինք սոցիալական կյանքի ու կենսաբազմազանության միջև կապը»,- ընդգծեց Յուլիանա Մելքումյանը։
Օրվա ընթացքում ֆակուլտետի ուսանողները մասնակիցների շրջանում անցկացրին կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածության առցանց հարցում՝ ուղղված այս ոլորտում նրանց գիտելիքներին և հասարակական ընկալումների բացահայտմանը։
«Կենսաբազմազանության հավելյալ սոցիալական արժեքը» թեմայով փորձագիտական զեկույցով հանդես եկավ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Արամ Վարտիկյանը։
Սոցիալական աշխատանքի և հասարակայնության հետ կապերի բակալավրի կրթական ծրագրերի ուսանողները մասնակցեցին «Հանքարդյունաբերության մարտահրավերները» թեմայով բանավեճին՝ քննարկելով Ամուլսարի հանքի բացման բնապահպանական, տնտեսական և սոցիալական հետևանքները։
Միջոցառումների ծրագրի առանցքային կետերից էր «Կանաչ սոցիալական աշխատանք» խորագրով պանելային քննարկումը, որին մասնակցեցին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոսները։ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Միրա Անտոնյանն ընդգծեց խոցելի խմբերի էկոլոգիական վարքի պատճառները հասկանալու և նրանց համայնքային որոշումներում ներգրավելու կարևորությունը։ Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանը ներկայացրեց հայ հասարակությունում կենսաբազմազանության ընկալման վերաբերյալ հինգ սոցիոլոգիական հարցադրում։ Քննարկումն ամփոփեց Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Տաթևիկ Կարապետյանը՝ առանձնացնելով հետագա գիտական հետազոտությունների համար արդիական հարցադրումները։
Օրակարգում ներառված ինտերակտիվ խաղերը մասնակիցներին հնարավորություն ընձեռեցին ներգրավվելու կենսաբազմազանության թեմայով քննարկումներում և լսելու միմյանց տեսակետները։ Միջոցառումները համադրեցին գիտական և ուսանողական մոտեցումները՝ ուշադրություն հրավիրելով կենսաբազմազանության պահպանության սոցիալական կողմերի և միջմասնագիտական համագործակցության հնարավորությունների վրա։
