ԵՊՀ-ում քննարկվել են քրեակատարողական համակարգի բարեփոխումներն ու սոցիալական աշխատողի դերը վերասոցիալականացման գործընթացում:
Երևանի պետական համալսարանում հյուրընկալվել էր ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ սոցիալական աշխատանքի բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ուսանողները, ինչպես նաև սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսները։
Ծ. Թադևոսյանը ներկայացրել է Քրեակատարողական ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, համակարգում իրականացվող բարեփոխումներն ու ոլորտի արդի մարտահրավերները։ Այս համատեքստում քննարկվել են սոցիալական աշխատանքի մասնագիտական դերակատարության ընդլայնման հնարավորությունները։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել քրեակատարողական հիմնարկներում սոցիալական աշխատողների ներգրավվածությանը՝ ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացման, ազատ արձակվելուց հետո ինքնուրույն կյանքին նախապատրաստման, ինչպես նաև ընտանիքի հետ սոցիալական կապերի պահպանման և ամրապնդման գործընթացներում։ Ներկայացվել են նաև դատապարտյալների կարիքների ու ռիսկերի գնահատման, անհատական վերասոցիալականացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև կրթական և աշխատանքային զբաղվածության հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ իրականացվող ծրագրերը։
Հանդիպման ընթացքում ծավալված մասնագիտական հարցուպատասխանն ու ակտիվ քննարկումը ուսանողներին հնարավորություն են տվել անմիջականորեն ծանոթանալու քրեակատարողական համակարգի առօրյա աշխատանքին, սոցիալական աշխատողների առջև ծառացած խնդիրներին և գործնական աշխատանքում անհրաժեշտ կարողություններին։
Նման ձևաչափի հանդիպումները նպաստում են լսարանում ձեռք բերած տեսական գիտելիքները մասնագիտական պրակտիկայի հետ համադրելուն, ինչի արդյունքում խորանում և զարգանում են ապագա մասնագետների մասնագիտական պատկերացումներն ու պատրաստվածությունը։



