ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պատվիրակության ներկայացուցիչները Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մի շարք հանդիպումներ և քննարկումներ են ունեցել ֆրանսիական գիտահետազոտական առաջատար հաստատություններում, ներկայացրել դասախոսություններ, ինչպես նաև նախանշել միջազգային ակադեմիական համագործակցությունների նոր ուղիներ:
Ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը Փարիզում հանդիպում է ունեցել Պանթեոն-Սորբոնի համալսարանի ներկայացուցիչների հետ, մասնավորապես՝ միջազգային հարաբերությունների և արտասահմանում գործունեության կազմակերպման «MRIAE» մագիստրոսական ծրագրի տնօրեն, Սորբոնի պատմության դպրոցի միջազգային կապերի պատվիրակ, պրոֆեսոր Ֆրանսուա-Քսավիե Ներարի և Պանթեոն-Սորբոնի միջազգային համագործակցության տնօրեն Անտուան Դըվուկու դյու Բյուսոնի հետ։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու համալսարանների միջև դասախոսական կազմի և ուսանողների ակադեմիական շարժունությանը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել խթանելու փոխանակման ծրագրերը, այդ թվում՝ «Էրազմուս+»-ին համատեղ դիմելու միջոցով։
Այցի շրջանակում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը և դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանն այցելել են նաև Սորբոն Նուվել (Փարիզ 3) համալսարանի եվրոպական հետազոտությունների ինստիտուտ, որտեղ պրոֆեսորադասախոսական և միջազգային կապերի պատասխանատուների հետ հանդիպումների արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել միջբուհական գործակցության խորացման, համատեղ նախագծերի և շարժունության ծրագրերի մեկնարկի շուրջ: Բացի դրանից՝ «Եվրոպան և նրա հարևանները» դասընթացի շրջանակում Տիգրան Եփրեմյանն ու Գոռ Պետրոսյանը հանդես են եկել բանախոսությամբ՝ ինստիտուտի ուսանողներին ներկայացնելով Հայաստանի քաղաքականության արդի վերափոխումներն ու տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները:
Այնուհետև ԵՊՀ պատվիրակությունն այցելել է Նորմանդիայի Լը Հավր համալսարան, որտեղ հանդես է եկել «Հարավային Կովկասի պատմությունն ու աշխարհաքաղաքականությունը» թեմայով դասախոսությամբ՝ ներկայացնելով տարածաշրջանի պատմական զարգացումները, աշխարհաքաղաքական առանձնահատկություններն ու ռազմավարական նշանակությունը։ Այցի ընթացքում տեղի է ունեցել նաև հանդիպում Եվրոպագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պիեռ Շաբալի, Նորմանդիայի համալսարանի փոխնախագահ Դ. Լըֆևրի և միջազգային համագործակցության տնօրեն Պիեռ Բեռտալամիի հետ: Կողմերը քննարկել են միջհամալսարանական համաձայնագրի մշակման հետագա քայլերը, որը նախատեսվում է ստորագրել մինչև 2026 թ. նոյեմբերի վերջը, իսկ մինչև 2027 թ. ամառը՝ կնքել համագործակցության հուշագիր (MoU): Ըստ նախնական ծրագրի՝ 2027 թ. փետրվարի վերջին նախատեսվում է Նորմանդիայի համալսարանի ներկայացուցիչների առաջին այցը Երևան։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի և ֆրանսիական առաջատար բուհերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ են հայ-ֆրանսիական ակադեմիական կապերի ամրապնդման, միջազգային շարժունության ընդլայնման և գիտակրթական նոր նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։




