ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ, դոցենտ Տիգրան Եփրեմյանը Շանհայի համալսարանի համաշխարհային և երկրագիտական հետազոտությունների ինստիտուտի պաշտոնական հրավերով աշխատանքային այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ մասնակցելու մի շարք միջազգային գիտակրթական և փորձագիտական հեղինակավոր միջոցառումների։
Այցի գիտակրթական ծրագրի առանցքային մասն էր մասնակցությունը եվրասիական տարածաշրջանային փոխակերպումներին նվիրված միջազգային գիտաժողովին, ինչպես նաև Չինաստանի միջազգային մասնագիտական փոխանակման 24-րդ համաժողովին։ Նշված հարթակները համախմբել են աշխարհի տարբեր գիտահետազոտական կենտրոնների առաջատար մասնագետների և փորձագետների՝ համակողմանիորեն վերլուծելու ժամանակակից աշխարհաքաղաքական վերադասավորումները, տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ու զարգացման նոր միտումները։
Գիտական ծրագրի շրջանակում Տիգրան Եփրեմյանը մասնակցել է նաև Համաշխարհային և երկրագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված մասնագիտացված աշխատաժողովին՝ նվիրված Չինաստան-Մերձավոր Արևելք-Հարավային Կովկաս աշխարհաքաղաքական փոխազդեցություններին։ Քննարկումների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել միջտարածաշրջանային փոխկապակցվածության խորացմանը, տնտեսական ու հաղորդակցական նախագծերի ռազմավարական նշանակությանը և Հարավային Կովկասի դերակատարմանը եվրասիական լայն համատեքստում։
Բացի դրանից՝ ֆակուլտետի դեկանը ներգրավվել է միջազգային գիտական հանդեսների գլխավոր խմբագիրների կլոր սեղան-քննարկման աշխատանքներում։ Այս ձևաչափով քննարկվել են ակադեմիական հրատարակչական գործունեության արդի չափանիշները, գիտական հետազոտությունների միջազգայնացման ուղիները, ինչպես նաև գիտական համատեղ հրապարակումների և խմբագրական համագործակցության ընդլայնման հեռանկարները։
Միջազգային նմանօրինակ գիտական միջոցառումներին մասնակցությունը կարևոր ներդրում է համալսարանի միջազգային հեղինակության բարձրացման գործում։ Այն ամուր հիմքեր է ստեղծել չինական առաջատար գիտակրթական հաստատությունների հետ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդման, համատեղ հետազոտական ծրագրերի իրականացման և ակադեմիական փոխանակումների աշխուժացման համար։


