ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետ են այցելել Վրաստանի առաջատար համալսարանների, վերլուծական կենտրոնների և ակադեմիական այլ կառույցների շուրջ 40 ներկայացուցիչ։ Ճանաչողական այցի ընթացքում հյուրերը ծանոթացել են համալսարանի կրթական միջավայրին և ֆակուլտետի ներկայացուցիչների հետ քննարկել հայ-վրացական կրթական ու գիտական համագործակցության զարգացման հեռանկարները։
Այցի սկզբում հյուրերը շրջայց կատարեցին ԵՊՀ-ում և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ Պատվիրակության անդամները ծանոթացան համալսարանի պատմությանը, արդիականացված ենթակառուցվածքներին, լսարանային պայմաններին, ինչպես նաև ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերին և ուսանողական կյանքի կազմակերպման առանձնահատկություններին։
Շրջայցին հաջորդեց հանդիպում ֆակուլտետի ղեկավարության և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։ Ողջունելով հյուրերին՝ ֆակուլտետի ղեկավարությունը կարևորեց տարածաշրջանային ակադեմիական կապերի ամրապնդումը՝ ընդգծելով նման հանդիպումների դերը հայ-վրացական կրթական և գիտական համագործակցության զարգացման գործում։
Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձան երկկողմ գործընկերության ընդլայնման ու խորացման հեռանկարներին։ Վրաստանի պատվիրակության ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու ուղղությամբ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին ակտիվ երկխոսությունը շարունակելու և երկարաժամկետ ու փոխշահավետ համագործակցության հարթակներ ձևավորելու իրենց հանձնառությունը՝ ի նպաստ երկու երկրներում բարձրագույն կրթության և գիտության զարգացման։



