ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ 2024-2025 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի շուրջ 312 շրջանավարտների ավարտական վկայականների շնորհման պաշտոնական և հանդիսավոր արարողությունը:
Ավարտական միջոցառմանը շրջանավարտներին իրենց շնորհավորական խոսքը հղեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը, ֆակուլտետի պրոֆեսոր Գարիկ Քեռյանը:

Ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, ողջունելով ներկաներին և շնորհավորելով օրվա կապակցությամբ, հանձնեց գերազանցությամբ ավարտած շրջանավարտների ավարտական վկայականները: Նա ընդգծեց, որ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողներն ավարտում են կրթությունը այն ոլորտներում, որոնք 21-րդ դարում ունեն վճռորոշ նշանակություն, այն է՝ միջազգային հարաբերություններ, քաղաքագիտություն, հանրային կառավարում։ Դա նշանակում է, որ նրանց վրա դրված է ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական պատասխանատվություն: Նրանք ապագայում կայացնելու են քաղաքական որոշումներ, ներկայացնելու են պետությունը միջազգային հարթակներում և կառավարելու են հանրային ռեսուրսները՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության:
«Թող այս օրը լինի մեր ոգեշնչման աղբյուրը՝ սիրելով փոխելու կյանքը, ծառայելու կյանքին։ Աշխարհն այսօր փոփոխվում է ավելի արագ, քան երբևէ: Այդ փոփոխությունների պայմաններում կայուն արժեքներն ու խելամիտ առաջնորդությունն առավել քան կարևոր են: Ձեր ոլորտներում հաջողություն ունենալու համար անհրաժեշտ են ոչ միայն գիտելիքներ, այլև անխախտ բարոյական ուղենիշներ։ Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, ձեր ընտրանքները՝ իմաստուն, իսկ ձեր ծառայությունը հայրենիքին՝ անմնացորդ նվիրումով լի»։
Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ Ժակ Մանուկյանը, շնորհավորելով շրջանավարտներին, կարևորեց դիվանագետի մասնագիտության անհրաժեշտությունը. «Ձեր ապագա հաջողությունները մեր ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի մեծագույն գնահատականն ու ոգեշնչման աղբյուրն են լինելու։ Անկախ նրանից, թե որ ոլորտում կշարունակեք ձեր ուղին՝ դիվանագիտություն, միջազգային կազմակերպություններ, հետազոտություններ, միջազգային լրագրություն, վստահ ենք՝ դուք արժանապատվորեն կներկայացնեք Հայաստանի Հանրապետությունը և մեր ֆակուլտետը»։
Շնորհակալական խոսքերով ու երաժշտական կատարումներով շրջանավարտներն իրենց երախտիքի խոսքն ուղղեցին համալսարանին, ֆակուլտետին՝ ուսումնառության ընթացքում ստացած գիտելիքների, ձեռք բերած մարդկային բարձր որակների, փորձի, հմտությունների համար: