ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ամփոփվեց «Ժամանակակից Եվրասիա․ ռեգիոնալիզմ, անվտանգություն և փոխկապակցություններ» խորագրով դասախոսությունների շարքը, որը նպատակ ուներ ընդլայնելու ուսանողների տեսական և գործնական գիտելիքները ժամանակակից Եվրասիայի քաղաքական, անվտանգային և տնտեսական գործընթացների վերաբերյալ։
Ծրագրի մեկնարկը նշանակալի ձեռքբերում էր ԵՊՀ-ի համար․ համալսարանը դարձավ աշխարհի շուրջ 600 բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը և առաջինն ու մինչ օրս միակը Հարավային Կովկասում, որը շահել է ճապոնական «Eurasia Foundation from Asia» հիմնադրամի դրամաշնորհը։ Այս հանգամանքը վկայում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի աճող միջազգային հեղինակության, ինչպես նաև ակադեմիական ծրագրերի որակի և մրցունակության մասին։
Դասախոսությունների շարքը մշակվել է ժամանակակից միջգիտակարգային մոտեցմամբ՝ համադրելով միջազգային հարաբերությունների տեսությունը, տարածաշրջանային ուսումնասիրությունները, անվտանգային հետազոտությունները և գլոբալ փոխկապակցվածության վերլուծությունը։ Ծրագրի շրջանակում ֆակուլտետի ուսանողները հնարավորություն ունեցան ունկնդրելու ներածական և խորքային դասախոսություններ իրենց մասնագիտացման ոլորտներին առնչվող թեմաներով՝ ներկայացված համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների կողմից։
Դասախոսություններով հանդես եկան միջազգային ակադեմիական հանրության հեղինակավոր ներկայացուցիչներ Անդերս Վիվելը (Դանիա), Լոր Դելկուրը (Ֆրանսիա), Ադրիան Բրիսկուն (Չեխիա), Ֆաբիեն Բոսյոյթը (Բելգիա), Չանգզու Սոնգը (Նոր Զելանդիա), Ելենա Կոլեսովան (Նոր Զելանդիա), ինչպես նաև մեր հայրենակիցներ Ռուբեն Ազիզյանը (Նոր Զելանդիա), Գեորգի Դերլուգյանը (ԱՄԷ), Ալեքսանդր Իսկանդարյանը (Հայաստան), Էդուարդ Աբրահամյանը (Միացյալ Թագավորություն), Նարեկ Սուքիասյանը (Հայաստան) և Էրիկ Դավթյանը (Հայաստան)։ Նրանց դասախոսությունները ընդգրկում էին եվրասիական տարածաշրջանի քաղաքական դինամիկան, անվտանգության մարտահրավերները, տարածաշրջանային համագործակցության մոդելները, ինչպես նաև գլոբալ և տեղային գործընթացների փոխազդեցությունը։
Ծրագրի իրականացման գործում կարևոր դեր ունեցավ նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ակադեմիական ոլորտի անձնակազմը։ Դասախոսություններով հանդես եկան ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը, դեկանի տեղակալ Գոռ Պետրոսյանը և դոցենտ Նարեկ Գալստյանը՝ ներկայացնելով տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների արդի հարցերի վերաբերյալ գիտական վերլուծություններ և փորձագիտական դիտարկումներ։
Որպես ծրագրի առանցքային բաղադրիչ՝ «Eurasia Foundation from Asia» հիմնադրամի գաղափարախոսությունն ու գործունեության հիմնական ուղղությունները ներկայացրին հիմնադրամի տնօրեն Սատո Յոջին և ավագ գիտաշխատող Յուն Կոն Չունգը։ Նրանց ելույթները հնարավորություն տվեցին ուսանողներին և դասախոսական կազմին ավելի լավ պատկերացում կազմելու հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի, հետազոտական առաջնահերթությունների և ակադեմիական համագործակցության հնարավորությունների մասին։
Հատկանշական է, որ հրավիրյալ դասախոսներից մի քանիսը մասնակցեցին նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամենամյա գիտաժողովին՝ հանդես գալով զեկույցներով և մասնագիտական քննարկումներով։ Սա ևս մեկ կարևոր քայլ էր ֆակուլտետի միջազգային կապերի ընդլայնման, գիտական համագործակցության խթանման և ուսանողների համար միջազգային ակադեմիական միջավայրի հասանելիության ապահովման ուղղությամբ։
«Ժամանակակից Եվրասիա. ռեգիոնալիզմ, անվտանգություն և փոխկապակցություններ» դասընթացին մասնակցած ուսանողները վերջում ստացան հավաստագրեր:




