ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանը ս.թ. փետրվարի 1–10 Նոր Զելանդիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ ունեցավ և բանախոսություններով հանդես եկավ Նոր Զելանդիայի մի շարք համալսարաններում, կրթական կենտրոններում։ Դեկանին ուղեկցում էր ԵՊՀ հրավիրյալ դասախոս, Մեսսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ռուբեն Ազիզյանը։
Դեկան Տ. Եփրեմյանը Նոր Զելանդիայի արտաքին քաղաքականության ոլորտի հեղինակավոր կրթական կենտրոնում՝ Միջազգային հարաբերությունների նորզելանդական ինստիտուտում, փետրվարի 3-ին հանդես եկավ «Պատմությունն ու աշխարհաքաղաքականությունը Հարավային Կովկասում» խորագրով զեկուցմամբ:
Հանդիպմանը ներկա էին տեղական առաջատար փորձագետներ, Նոր Զելանդիայում հավատարմագրված մի շարք երկրների հյուպատոսներ և դիվանագետներ, ինչպես նաև հայկական համայնքի ներկայացուցիչներ։
Այցի շրջանակում Տիգրան Եփրեմյանը ԵՄ ընդլայնման քաղաքականության և Արևելյան Եվրոպայի աշխարհաքաղաքականության թեմաներով դասախոսություններ կարդաց Նոր Զելանդիայի առաջատար բուհերից մեկում՝ Օքլենդի համալսարանում՝ ներկայացնելով նաև Հայաստանի Հանրապետության դերակատարումը նշված գործընթացներում։ Հետայդու դեկանը հանդիպումներ ունեցավ Օքլենդի համալսարանի պրոֆեսորներ Ստեփեն Ռեշի և Չանզու Սոնգի հետ՝ ձեռք բերելով պայմանավորվածություններ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցության մի շարք ուղղությունների վերաբերյալ։
Մեսսի համալսարանի Օքլենդի մասնաճյուղում Տիգրան Եփրեմյանը քաղաքավարական կարճատև հանդիպում ունեցավ համալսարանի նորընտիր ռեկտոր Պիեռ Վենտերի հետ վերջինիս պաշտոնամուտի արարողության ընթացքում։ Դեկանը ներկայացրեց այցի նպատակները և փոխանցեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի բարեմաղթանքները։
Փետրվարի 5-ին դեկան Տ. Եփրեմյանը Պալմերսթոն Նորթ քաղաքում հանդիպեց Մեսսի համալսարանի պրոռեկտոր, պրոֆեսոր Սինտիա Ուայթի հետ՝ ներկայացնելով Երևանի պետական համալսարանը և քննարկելով երկկողմ համագործակցության հնարավորությունները։ Դեկանին մաորիական ավանդական ծեսով ողջունեց Մեսսի համալսարանի մաորիական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Հոնե Վաենգարանգի Մորիսը։ Վերջինիս հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին բնիկ ժողովուրդների մշակույթի հետազոտությունների շրջանակում ԵՊՀ-ի հետ համագործակցության մի շարք հարցեր։
Դեկանը հանդիպում ունեցավ նաև Մեսսի համալսարանի հումանիտար և սոցիալական գիտությունների ֆակուլտետի դեկան Բեթ Գրիների հետ։ Քննարկվեցին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ ԵՊՀ-ից Մեսսի համալսարան ասպիրանտուրա ընդունելության հնարավորությունները, ասպիրանտների համատեղ ղեկավարումը, գրախոսությունը, հետազոտողների փոխանակումը, հեռավար դասախոսությունների կազմակերպումը, ինչպես նաև կողմերի կարիքներից բխող փորձագիտական ներուժի օգտագործման երկկողմ տարբերակները։ Ի թիվս այլ հարցերի քննարկվեց նաև կողմերի միջև պայմանավորվածությունները հուշագրով ամրագրելու հնարավորությունը:
Վելինգտոնում Տ. Եփրեմյանը հանդիպում ունեցավ Մեսսի համալսարանի միջազգային համագործակցության գրասենյակի տնօրեն Չեսնա Քոքերի հետ։ Քննարկվեցին ինչպես երկկողմ, այնպես էլ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում բազմակողմ համագործակցությունների հնարավորությունները։ Դեկանը ներկայացրեց միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ամենամյա գիտաժողովներին մասնակցելու և «YSU Journal of International Affairs» գիտական հանդեսում հոդվածներ հրատարակելու հնարավորությունները։
Հաջորդիվ դեկան Տ. Եփրեմյանը Վելինգտոնում հանդիպեց Ճգնաժամագիտության կենտրոնի ղեկավար կազմին՝ քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների շրջանակում համագործակցության և աջակցության հնարավորությունները։
Այցը եզրափակվեց Նոր Զելանդիայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Հակոբ Կարապետի հետ հանդիպմամբ։ Քննարկվեցին հայ համայնքին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ հեռավար դասախոսությունների միջոցով հայ համայնքի ներկայացուցիչներին հայոց պատմությանն ու ՀՀ կյանքին հաղորդակից դարձնելու միջոցառումների կազմակերպման հնարավորությունները։




