ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հյուրընկալվել էր Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի պատվիրակությունը, որը գլխավորում էր բուհի պրոռեկտոր Բորիս Մատոշը։
Պատվիրակության կազմում էին նաև նույն համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ղեկավար և դասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ։ Այցի առանցքային նպատակն էր երկու բուհերի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետների միջև գործընկերային կապերի ամրապնդումը, ինչպես նաև համագործակցության հետագա զարգացման և խորացման հեռանկարների քննարկումը։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Տիգրան Եփրեմյանի և ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում կողմերը ձեռք են բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Առաջիկայում նախատեսվում է ակտիվացնել գործակցությունը ուսանողական ու ակադեմիական շարժունության և փոխանակության ծրագրերում, ինչպես նաև կազմակերպել համատեղ գիտական միջոցառումները։
Այցի շրջանակում «Էրազմուս+» ծրագրի ակադեմիական շարժունության ձևաչափով Բրատիսլավայի տնտեսագիտական համալսարանի երկու պրոֆեսորներ արդեն իսկ մեկշաբաթյա մասնագիտական վերապատրաստում են անցել ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Այս այցելությունը հերթական կարևոր քայլն է ԵՊՀ միջազգային կապերի ընդլայնման և եվրոպական առաջատար կրթական հաստատությունների հետ փորձի փոխանակման ճանապարհին։
