ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համագործակցության շրջանակում Աղվերանում հոկտեմբերի 10-11-ը անցկացվեց «Քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին» նվիրված միջբուհական մրցույթ-դատախաղ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել ԵՊՀ-ի, Հայաստանում ֆրանսիական, Վանաձորի պետական, Հյուսիսային, Շիրակի պետական և Եվրասիա միջազգային համալսարանների ընդհանուր առմամբ 9 թիմեր:
Բանավոր փուլին մասնակցեցին անկախ ժյուրիի գնահատման արդյունքում առավելագույն միավորների արժանացած «ԵՊՀ-1», «ԵՊՀ-2», «ՀՀՖՀ-1», Վանաձորի պետական համալսարանի (ՎՊՀ) «Vincit Veristas» և Հյուսիսային համալսարանի թիմերը:
Բացման խոսքում մասնակիցներին ողջունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը՝ կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունների նշանակությունը կրթական գործընթացում։ Դեկանի գնահատմամբ՝ միջբուհական դատախաղերը նպաստում են գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը և ձևավորում կրթական միջավայր, որտեղ ուսանողների տեսական գիտելիքները վերածվում են փաստերի քննադատական գնահատման, իրավական մեկնաբանության և հիմնավորված փաստարկման գործնական հմտությունների։ Դրանց ակադեմիական նշանակությունը դրսևորվում է իրավական դիրքորոշումների մշակման ու քննության միջոցով հետազոտական ինքնուրույնության, դատավարական մշակույթի և մասնագիտական էթիկայի զարգացման մեջ՝ ապագա իրավաբանների գործունեության հիմքում ամրապնդելով մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության արժեքները։ Այս համատեքստում պրոֆեսոր Հ. Խաչիկյանը կարևորեց IRZ-ի հետ համագործակցությունը՝ որպես միջազգային մասնագիտական փորձի փոխանակման, իրավաբանական կրթության որակի բարձրացման և համալսարանական կրթության ու իրավակիրառ պրակտիկայի միջև կապի ամրապնդման արդյունավետ միջոց։
Կիսաեզրափակիչ փուլն անցկացվեց հոկտեմբերի 10-ին, իսկ եզրափակիչը՝ հոկտեմբերի 11-ին:
«Գրավոր փուլում լավագույն մեղադրական դիրքորոշում հայտնած թիմ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ԵՊՀ-2» թիմը, իսկ «Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշում հայտնած» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «ՀՀՖՀ-1» թիմը:
«ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույնս կիրառման համար» անվանակարգում Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանը մրցանակ շնորհեց մասնակից բոլոր թիմերին։
«Գիտական հետազոտության լավագույն պոտենցիալ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «ԵՊՀ-2» թիմի մասնակից Միլենա Աղասյանին։
Արդարադատության ակադեմիայի սահմանած «Լավագույն հռետոր» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հյուսիսային համալսարանի թիմի մասնակից Արմեն Առաքելյանին։
Արդարադատության նախարարության սահմանած «ՀՀ օրենսդրության լավագույն մեկնաբանություն» անվանակարգում մրցանակը շնորհվեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի թիմի մասնակից Մարիամ Ջալալյանին։
Գլխավոր դատախազության սահմանած «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում մրցանակը շնորհվեց «ԵՊՀ-2» թիմին։
Փաստաբանների ակադեմիայի սահմանած «Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում մրցանակը շնորհվեց ՎՊՀ «Vincit Veristas» թիմի մասնակից Նանե Ղոչիկյանին։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանած հատուկ մրցանակը շնորհվեց «ԵՊՀ-1» թիմին։
Նաումբուրգում գերագույն երկրամասային դատարանի պաշտոնաթող նախագահ, Սաքսոնիա-Անհալթ երկրամասի սահմանադրական դատարանի պաշտոնաթող նախագահ Վինֆրիդ Շուբերտը (Գերմանիա) խորհրդանշական նվերներ հանձնեց «ԵՊՀ-2» և ՎՊՀ «Vincit Veristas» թիմերին։
Ժյուրիի որոշմամբ հաղթող ճանաչվեց ՎՊՀ «Vincit Veristas» թիմը՝ արժանանալով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և IRZ-ի սահմանած «Հաղթողի գավաթը» մրցանակին: