ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ Արսեն Թավադյանը հետազոտություն է իրականացրել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքի Մաքս Պլանկի միջազգային և համեմատական մասնավոր իրավունքի ինստիտուտում (Max-Planck-Institut für ausländisches und internationales Privatrecht): Այդ ինստիտուտը մասնավոր իրավունքի ոլորտի հեղինակավոր և առաջատար գիտական կենտրոններից է, որտեղ իրականացվում են համաշխարհային նշանակություն ունեցող հետազոտություններ։
Արսեն Թավադյանի՝ մայիսի 5-17-ն ընկած ժամանակահատվածում կատարած հետազոտական աշխատանքները վերաբերում էին պարտավորական և իրային իրավունքների հարաբերակցությանը՝ առնչվելով ինչպես տեսական, այնպես էլ կիրառական խնդիրների ուսումնասիրմանը: Հետազոտության հիմնական առարկան էին գործարքների վավերությանը, պայմանագրերի ազատությանը, իրային իրավունքների կազմին և դրանց գրանցման առանձնահատկություններին վերաբերող թեմաները:
Հետազոտության նպատակն էր նաև 2025-2026 ուսումնական տարում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում ներդրվող նոր՝ անգլերեն դասավանդվող «Համեմատական մասնավոր իրավունք» ուսումնական առարկայի լրամշակումը։ Այդ դասընթացի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին ծանոթանալու մասնավոր իրավունքի ոլորտում կիրառվող առաջատար մոտեցումներին, ինչպես նաև այլ երկրների իրավական նորմերին՝ նպաստելով ուսանողների մասնագիտական պատրաստվածության և հնարավորությունների ընդլայնմանը: