ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները սույն թվականի մայիսի 30-ին «Բնական ռեսուրսների օգտագործման և պահպանության իրավական կարգավորումները» դասընթացի շրջանակում մասնակցել են հանքարդյունաբերության ոլորտի հարաբերությունները վիճարկող դատախաղի:

Ուսանողներին հաջողվել է տնտեսվարողի ներկայացուցչի, Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ներկայացուցչի դերում ակտիվ և պլանավորված կերպով ներկայացնել իրենց դիրքորոշումները՝ հիմնավորելով դրանք փաստերով: Դատախաղի ընթացքում նաև կարևոր դեր է ունեցել գործով ներգրավված երրորդ անձի պահանջները և փորձագետների կողմից ներկայացված փորձաքննական եզրակացությունը, ինչը հնարավորություն է տվել ուսանողներին կիրառելու կուտակած գիտելիքները գործնական իրավիճակում: Վարչական դատարանի դատավորի դերում հանդես եկող Էդվարդ Մովսիսյանը, ապահովելով դատական նիստի կարգապահ և քննարկումների կառուցողական ընթացքը, գործի բոլոր հանգամանքների լիակատար գնահատմամբ և ներկայացված ապացույցների և փաստարկների համալիր վերլուծության արդյունքում կայացրել ու հրապաարկել է հայցը բավարարող վճիռ:
Առարկայական դասախոս,Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օ. Գեղամյանի խոսքերով դատախաղը մեծ կարևորություն ունի ուսանողների կրթության ոլորտում, քանի որ այն նպաստում է նրանց մասնագիտական գիտելիքների խորացմանը, վերլուծական և քննադատական մտածողության զարգացմանը, ինչպես նաև կոնֆլիկտների արդյունավետ լուծման հմտությունների ձևավորմանը: