ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ս.թ. օգոստոսի 16-25-ը կազմակերպվեց և հաջողությամբ իրականացվեց «Իրավունքի ամառային դպրոց-2025» ծրագիրը։
Այս տարի ամառային դպրոցը համախմբեց շուրջ 150 աշակերտների, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի առաջինկուրսեցիներին՝ ստեղծելով յուրահատուկ միջավայր գիտելիքներ ձեռք բերելու, միմյանց ճանաչելու և մասնագիտության առանձնահատկություններին ծանոթանալու համար։
Ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու իրավունքի տեսության հիմունքներին, անդրադառնալու իրավունքի գրեթե բոլոր ճյուղերին, ինչպես նաև կարևոր գիտելիքներ ձեռք բերելու ՀՀ իրավական համակարգի վերաբերյալ։ Բացի մասնագիտական դասընթացներից՝ քննարկումներն ուղեկցվեցին ինտերակտիվ և պրակտիկ մոտեցումներով, ինչը նպաստեց մասնակիցների ներգրավվածությանն ու հետաքրքրությանը։
Ամառային դպրոցի եզրափակիչ փուլը կայացավ ՀՀ Սահմանադրական դատարանում։ Այցի շրջանակում մասնակիցները ոչ միայն անմիջականորեն ծանոթացան դատարանի կառուցվածքին ու գործառույթներին, այլև ունեցան բովանդակալից քննարկում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և աշխատակազմի հետ։
«Իրավունքի ամառային դպրոց-2025»-ը դարձավ կարևոր կրթական և ոգեշնչող փորձառություն բոլորի համար՝ ամրապնդելով մասնակիցների հետաքրքրությունն իրավագիտության հանդեպ և ստեղծելով նոր ուղիներ ապագա մասնագիտական զարգացման համար։