ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի վարիչ, ի.գ.դ., պրոֆեսոր Սամվել Աղվանի Դիլբանդյանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով

Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը, պրոֆեսորադասախոսական համակազմը, գրասենյակը և ուսանողությունը ծննդյան 60-ամյա հոբելյանի և 30-ամյա գիտամանկավարժական գործունեության կապակցությամբ ս.թ. սեպտեմբերի 11-ին շնորհավորեցին ի.գ.դ., պրոֆեսոր Ս. Դիլբանդյանին:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ իրավագիտության ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը՝ ներկայացնելով ի.գ.դ., Ս. Դիլբանդյանի գիտական ճանապարհը, պրոֆեսորի մեծ ներդրումը ՀՀ դատաիրավական բարեփոխումներում, անմիջական մասնակցությունը Քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ դատական օրենսգրքի նախագծերի մշակման, ինչպես նաև Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացներում:
Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև պրոֆեսորներ Գ. Ղազինյանը, Ա. Վաղարշյանը՝ անդրադառնալով պրոֆեսոր Ս. Դիլբանդյանի երկար տարիների բեղմնավոր աշխատանքին, ինչպես նաև համալսարանական կրթության զարգացման, երիտասարդ կադրերի պատրաստման գործընթացներում ունեցած զգալի ավանդին:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հավհաննիսյանը շնորհավորական ուղերձից հետո ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց ի.գ.դ., պրոֆեսոր Ս. Դիլբանդյանին՝ արժևորելով նրա՝ համալսարանում ծավալած անբասիր գործունեությունը, նոր դասընթացների մշակման ու երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդը, ծննդյան 60-ամյա հոբելյանը և 30-ամյա գիտամանկավարժական գործունեությունը: