Հոկտեմբերի 3-5-ը Աղվերանում անցկացվել է «Շրջակա միջավայրի գիտություններ. միավորելով «առողջ հող» կոնցեպտը շրջակա միջավայրի օրենսդրության հետ՝ եվրոպական լավագույն փորձի փոխանակում» խորագրով եռօրյա երիտասարդական 6-րդ աշնանային դպրոցը, որը նվիրված էր երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հիշատակին։
Աշնանային դպրոցը հագեցած էր տեսական դասախոսություններով, դաշտային ուսումնասիրություններով, որոնց արդյունքները մասնակիցներն ամփոփել են խմբային և նախագծային աշխատանքներում։ Աշնանային դպրոցի հաջող կայացմանն իր ներդրումն է ունեցել ու դասախոսություններով հանդես է եկել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., դոցենտ Օլիմպիա Գեղամյանը։ Վերջինիս խոսքով՝ ուշագրավ էր, որ ծրագրին ներգրավված էին տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ բնապահպաններ, երկրաբաններ, կենսաբաններ, քիմիկներ և իրավաբաններ ինչպես ԵՊՀ իրավագիտության, այնպես էլ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետներից։
«Դպրոցի կարևոր ձեռքբերումներից մեկը միջդիսցիպլինար թեմաների քննարկումն էր․ տարբեր ոլորտների թվով երկու տանսյակից ավելի ուսանողների ու մասնագետների համագործակցությունը, որը հնարավորություն տվեց համադրելու ոչ միայն իրավական և բնապահպանական տեսական գիտելիքները, այլև պրակտիկաները։ Այս մոտեցումը նպաստում է ոչ միայն մասնակիցների տեսադաշտի ընդլայնման, այլև փոխլրացնող մասնագիտական կապեր ստեղծելու տեսանկյուններից, որոնք կարևոր են կայուն զարգացման և շրջակա միջավայրի պահպանության արդյունավետ լուծումներ գտնելու համար»,- նշեց Օ. Գեղամյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ միջոցառումները ոչ միայն հարթակ են երիտասարդների համար գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից, այլև հնարավորություն են ստեղծում ձևավորելու մասնագիտական համագործակցության միջբուհական ու համակարգային նոր ցանցեր։
Աշնանային դպրոցը կազմակերպվել և ֆինանսավորվել է ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կողմից («Եվրոպական ուսումնասիրությունների «ժան Մոնե» գերազանցության կենտրոն. ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և անվտանգություն («DeHuRiS»)» ծրագրի շրջանակում)։