Ս.թ. հոկտեմբերի 4-5-ին Երևանում տեղի ունեցավ «Բուժաշխատողների էթիկայի կանոնների» վերաբերյալ դասընթացավարների վերապատրաստման երկօրյա դասընթաց (ToT): Այն միավորեց ապագա դասընթացավարներին առողջապահության ոլորտում մարդու իրավունքների և էթիկական չափանիշների ամրապնդման նպատակով:

Միջոցառումը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության առողջապահության ազգային ինստիտուտի հետ սերտ համագործակցությամբ: Մասնակիցներն ուսումնասիրեցին առողջապահության ոլորտում էթիկայի վերաբերյալ եվրոպական և հայկական չափորոշիչները՝ կենտրոնանալով պացիենտ-բժիշկ հարաբերություններում էթիկական սկզբունքների, շահերի բախման բացակայության, բժշկական գաղտնիքի, ինչպես նաև իրազեկված համաձայնության հիմնարար սկզբունքների վրա: Ծրագիրը ներառում էր փորձագետների կողմից վարվող դերային խաղեր, իրական դեպքերի ուսումնասիրություններ և գործնական վարժություններ: Ավարտական հանձնարարությունը հաջողությամբ հանձնած մասնակիցները կստանան հավաստագրեր, ինչը թույլ կտա անցկացնելու Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների վերաբերյալ կրեդիտավորված շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) դասընթացներ:
Վերապատրաստումը կազմակերպվել էր ի աջակցություն ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 613-Ն որոշման կատարմանը, համաձայն որի՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից հավաստագրման յուրաքանչյուր հնգամյա հերթական շրջափուլի ընթացքում ավագ և միջին բուժաշխատողները պարտավոր են ունենալ էթիկայի կանոնների ոլորտում առնվազն 10 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտ: Առողջապահության ոլորտում լիազոր մարմինը՝ ՀՀ առողջապահության նախարարությունը, սահմանել է, որ նման դասընթացներ կարող են վարել միայն հավաստագրված դասընթացավարները:
«Բուժաշխատողների էթիկայի կանոնների» վերաբերյալ դասընթացավարների վերապատրաստման երկօրյա դասընթացին (ToT) մասնակցել են նաև ԵՊՀ քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հայկյանցը և նույն ամբիոնի դոցենտ Շուշանիկ Ղուկասյանը՝ քննարկվող խնդիրների առնչությամբ հանդես գալով մասնագիտական ակտիվ հարցադրումներով և դիտարկումներով: