ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ հանձինս դեկան Հարություն Խաչիկյանի, և ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը՝ հանձինս ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի, ս.թ. մարտի 3-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կնքեցին համագործակցության հուշագիր:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հարություն Խաչիկյանը նշեց, որ Իրավագիտության ֆակուլտետի և Պրոբացիայի ծառայության միջև կնքված հուշագիրը նպատակ ունի ամրապնդելու երկու հաստատությունների միջև համագործակցությունը, աջակցելու իրավաբանական կրթության որակի բարելավմանը, ինչպես նաև ապահովելու տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ ունեցող իրավաբան կադրերի պատրաստումը: Ընդգծելով իրավագիտություն մասնագիտության յուրահատուկ նշանակությունը՝ նա անդրադարձ կատարեց Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի դրույթներին՝ նշելով, որ իրավագիտությունը համարվում է կարգավորող մասնագիտություն, այսինքն, որպես իրավաբան ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու համար բուհն ավարտելուց հետո լրացուցիչ կրթության պահանջներ և աշխատանքի փորձառություն պահանջող մասնագիտություն: Այս համատեքստում ևս մեկ անգամ կարևորվեց Պրոբացիայի ծառայության հետ համագործակցությունը, քանի որ ուսանողը հնարավորություն է ստանում այդ կառույցում ձեռք բերելու աշխատանքի փորձառություն և գործնական հմտություններ:
Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը, կարևորելով համագործակցությունը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ, նշեց, որ Պրոբացիայի ծառայությունը, ի տարբերություն ԵՊՀ-ի, համեմատաբար երիտասարդ կառույց է: Նա ներկայացրեց ծառայության առաքելությունը, այն է՝ ապահովել հանցանք կատարած անձի վերասոցիալականացումը և վերաինտեգրումը հասարակությունում և այդ համատեքստում ուսանողների տեսական գիտելիքները գործնականում կիրառելու կարողությունների զարգացմանը նպաստող մասնագիտական պրակտիկաների կազմակերպումը:
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Մարգարյանը, կարևորելով հուշագրի կնքումը, նշեց, որ Պրոբացիայի ծառայության հետ նախկին տարիներին ևս եղել է համագործակցություն, պարզապես այս հուշագրով այն դրվել է ինստիտուցիոնալ հիմքի վրա․ Պրոբացիայի ծառայության կազմը համալրվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտներով, կամ այդ կառույցում կազմակերպվել է նրանց պրակտիկան: Հուշագրի շնորհիվ հաստատվում է երկկողմ կարևոր համագործակցություն․ մի կողմից՝ ԵՊՀ ուսանողները կկարողանան իրենց մասնագիտական պրակտիկան անցկացնել Պրոբացիայի ծառայությունում և հետագայում ավելի հեշտությամբ աշխատանքի անցնել այդտեղ, մյուս կողմից՝ Պրոբացիայի ծառայությունը կկարողանա ոչ միայն ապահովել իր կադրային հագեցվածությունը, այլև առօրյա գործունեության ժամանակ օգտագործել այն նորամուծությունները, գիտելիքները, որոնք կառաջադրվեն գիտական գործունեության արդյունքում:
Հուշագրի առավել արդյունավետ կիրառումն ապահովելու գործում կարևորվեց համատեղ գործողությունների պլան մշակելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ առաջիկայում ծրագրվող քննարկումների, կլոր սեղան-քննարկումների, համատեղ հետազոտությունների, վերապատրաստումների և այլ միջոցառումների անցկացման նպատակով:


