ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ս.թ. մարտի 6-ին տեղի ունեցավ «Իրավական պետության հորիզոններում. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով գիտաժողով՝ նվիրված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի պատվավոր վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի ծննդյան 85-ամյակին։
Պրոֆեսոր Ն. Այվազյանի 85-ամյակի կապակցությամբ կազմակերպված գիտաժողովին ներկա էին ՀՀ գիտության ոլորտի, պետական մարմինների, դատական համակարգի, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ներկայացուցիչներ, ասպիրանտներ, ուսանողներ: Ֆակուլտետի դեկան Հարություն Խաչիկյանը, ողջունելով գիտաժողովի ներկաներին, շնորհավորեց սիրելի պրոֆեսոր Նորիկ Այվազյանին 85-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ մաղթելով արևշատություն: Նա նշեց, որ պրոֆեսորն իր աշխատանքային գործունեության ընթացքում կրթել է երկու տասնյակ հազար իրավաբանների, այդ թվում՝ իրեն: Պրոֆեսորի գիտական ճանապարհն անցել է ծանր ժամանակահատվածում, երբ բացառիկ երևույթ էր Մոսկվայում դոկտորական ատենախոսություն պաշտպանելը. նա առաջիններից էր, որ ստացավ իրավագիտության դոկտորի աստիճան: Մեծ է Ն. Այվազյանի ավանդն իրավագիտության և իրավաբաններին կրթելու բնագավառներում: Իր խստության և պահանջկոտության հետ միասին, նա նաև անչափ բարի և բարյացակամ էր ուսանողների նկատմամբ:
Շնորհավորական բարեմաղթանքներով Ն. Այվազյանին ողջունեցին արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանը:
Գիտաժողովը վարում էր Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Հասմիկ Ենգոյանը, որը, շնորհավորական ուղերձով դիմելով պրոֆեսորին, նշեց. «Այսօր հավաքվել ենք ոչ թե պարզապես տարեդարձ նշելու, այլ ի մի բերելու մի ողջ դարաշրջան։ 85-ը զուտ իմաստության տարիք չէ, այլ մի ամբողջ կյանք է, որը լի է երկրի գիտությանը, համալսարանական կրթությանը, բազում սաներին և (որ ամենակարևորն է) իրավունքը որպես պետական և հասարակական կյանքի կանոնակարգման բարձրագույն արժեք դիտարկելու ծառայությամբ։ Ձեր անցած ճանապարհն անհատի ճանապարհ է, որի համար սահմանադրական իրավունքը երբեք չի եղել ակադեմիական առարկա։ Ձեր դասախոսություններում այն հնչել է որպես ազատության փիլիսոփայություն։ Երկար տարիներ ղեկավարելով Սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ Դուք ստեղծեցիք կոլեկտիվ մտածողություն, գիտական դպրոց, նաև մտքի ազատության, հիմնավորված փաստարկի նկատմամբ հարգանքի և մակերեսայնության նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ։ Այդ ամենի շնորհիվ Ձեր կողքին ձևավորվում էին ոչ միայն գիտակ մասնագետներ, այլև լիարժեք անհատներ։ Շատերի համար Դուք գիտական հեղինակություն և անվանի գիտնական եք։
Ձեր հայրական խնամքը դրսևորվում էր մանրուքներում՝ ժամանակին տրված խորհրդում, քաջալերող խոսքում, երբեմն խիստ, սակայն արդար դիտողության մեջ։ Եվ այդ մշտական աջակցությունն էր, որ մեզ սովորեցրեց հավատալ սեփական ուժերին, չվախենալ դժվարություններից և զգալ, որ մեր կողքին կա մեկը, ով ոչ միայն գնահատում է մեր ձեռքբերումները, այլև ցավ է ապրում, երբ տեսնում է մեր անհաջողությունները»:
Գիտաժողվի շրջանակում հանդես եկան ի.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը «Պետական իշխանության լեգիտիմության ներքին և արտաքին ասպեկտները», ի.գ.դ., պրոֆեսոր Ռուզաննա Հակոբյանը «Սահմանադրական պատասխանատվության ձևերը իրավական պետությունում», ի.գ.դ., պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը «Պետության սահմանադրական հայեցակարգի վերանայման անհրաժեշտությունը», ի.գ.թ., դոցենտ Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքների կրթության բացառիկ դերը իրավունքի գերակայության երաշխավորման գործում, խնդիրներ և լուծումներ», ի.գ.թ., ասիստենտ Կարեն Հակոբյանը «Պատշաճ վարչարարության իրավունքի զարգացման միտումները», ի.գ.թ., ասիստենտ Քրիստինե Ալեքսանյանը «Լեգիտիմ ակնկալիքների պաշտպանության հիմնախնդիրները բարենպաստ վարչական ակտերի վերացման դեպքում» և ի.գ.թ., ասիստենտ Տիգրան Նաղդալյանը «Օրենքի բացի սահմանադրականության գնահատման հիմնախնդիրը» զեկուցումներով: