Վիլլեմ Ս. Վիս դատախաղ-մրցույթը համարվում է միջազգային առևտրային արբիտրաժի ոլորտում ամենահեղինակավոր և ճանաչված ուսանողական մրցույթը, որի նպատակն է ուսանողների շրջանում խթանել միջազգային առևտրային իրավունքի և արբիտրաժի ուսումնասիրությունը: Մրցութի ընթացքում հնարավորություն է ընձեռվում ոչ միայն ընդլայնելու գիտելիքները նշված ոլորտներում, այլև ծանոթանալու ակադեմիական ոլորտի հեղինակավոր մասնագետների, միջազգային հայտնի կազմակերպությունների իրավաբանների հետ:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմերը տարիներ շարունակ մասնակցում են այս մրցույթին. այս տարին ևս բացառություն չէր:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում ս.թ. փետրվարի 27-ից մարտի 1-ը 15-րդ անգամ տեղի ունեցավ նախնական դատախաղը, որին մասնակցում էին ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային համալսարանների մի շարք թիմեր: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը դատախաղի շրջանակում անցկացրել է 4 խաղ՝ մրցելով Թյուբինգենի համալսարանի (Գերմանիա), Օլոմոուցի Պալացի համալսարանի (Չեխիա), Թբիլիսիի ազատ համալսարանի (Վրաստան) և Արքայազն Սուլթանի համալսարանի (Սաուդյան Արաբիա) թիմերի դեմ:
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ս.թ. մարտի 2-6-ը 6-րդ անգամ տեղի ունեցավ ԱՄՆ առևտրի դեպարտամենտի առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) աջակցությամբ կազմակերպված նախնական դատախաղը, որին մասնակցում էին 24 թիմեր աշխարհի 17 պետություններից: Նախնական դատախաղին մասնակցել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը՝ մրցելով Կենտրոնական Ասիայի ամերիկյան համալսարանի (Ղրղզստան) և Բաքվի պետական համալսարանի (Ադրբեջան) թիմերի հետ:
ԵՊՀ թիմի կազմում են Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Անուշ Քարամյանը, 3-րդ կուրսի ուսանողներ Էլեոնորա Թումանյանը, Մարգարիտա Եգոյանցը, Արփինե Զոհրաբյանը, մարզիչներն են Իրավագիտության ֆակուլտետի «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրի ուսանողներ Թամարա Ղազարյանն ու Էրիկ Մանուկյանը։
Նախնական դատախաղերին մասնակցությունը կարևոր փորձառություն է թիմերի համար՝ Վիեննայում կայանալիք հիմնական դատախաղին ընդառաջ, որը տեղի կունենա ս.թ. մարտի 27-ից ապրիլի 2-ը Վիեննայում։ Հիմնական դատախաղին մասնակցում են աշխարհի շուրջ 400 համալսարաններ, մոտ 2500 ուսանողներ և 1100 արբիտր։
Բարի երթ մեր ուսանողներին: