Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ Սեդա Վաղարշյանը ս․թ. փետրվարից «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրի (KA171) շրջանակում հետազոտական աշխատանք է կատարում Լեոնի համալսարանում (Իսպանիա), որտեղ նա ընդգրկված է «Իրավաբանական պատասխանատվություն» բազմամասնագիտական դոկտորական ծրագրում։
Լեոնի համալսարանում գտնվելու ընթացքում Սեդա Վաղարշյանը ոչ միայն կատարում է գիտական աշխատանք, այլև ակտիվորեն մասնակցում սահմանադրական իրավունքի և իրավունքի փիլիսոփայության ոլորտներին առնչվող ակադեմիական միջոցառումներին, կրթական այցերին և գիտական քննարկումներին՝ դառնալով միջազգային ակադեմիական միջավայրի լիարժեք մասնակից։
«Շնորհակալ եմ ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությանը և իմ ֆակուլտետին, քանի որ առանց նրանց պրոֆեսիոնալ և ֆունկցիոնալ աջակցության շատ բարդ կլիներ»,- նշում է ուսանողը՝ ընդգծելով ծրագրի կազմակերպական բարձր մակարդակը։
Սեդայի խոսքով՝ Լեոնի համալսարանում նրա գիտական ղեկավարը՝ Մարիա Էսթերը, ինչպես նաև դոկտորական դպրոցի և ֆակուլտետի դասախոսական կազմը առանձնանում են իրենց հոգատարությամբ։
«Ցանկացած հարցով, այդ թվում` ոչ ակադեմիական, նրանք միշտ պատրաստ են օգնելու, ինչը հատկապես կարևոր է օտար ակադեմիական միջավայրում»,- ընդգծում է նա։
Միևնույն ժամանակ, Լեոնի համալսարանում ուսումը հնարավորություն է տալիս ձևավորելու ոչ միայն մասնագիտական, այլև անձնական կարևոր կապեր։ Միջազգային ակադեմիական միջավայրը միավորում է տարբեր երկրների ուսանողների, ինչը նպաստում է միջմշակութային հաղորդակցությանը և փորձի փոխանակմանը։
«Այստեղ օտարերկրյա շատ ուսանողներ կան Բրազիլիայից, Մեքսիկայից, ԱՄՆ-ից, և սա մեծ հնարավորություն է՝ ստեղծելու նոր կապեր, ճանաչելու տարբեր մշակույթներ և ընդլայնելու սեփական աշխարհայացքը»,- նշում է Սեդա Վաղարշյանը։
Սեդայի համար մշակութային անսովոր տարբերություններից մեկը համալսարանական հաղորդակցության ձևաչափն է, որտեղ ուսանողները դասախոսներին դիմում են «դու»-ով և անունով, ինչը տարբերվում է հայկական ակադեմիական ավանդույթներից։
Այնուամենայնիվ, նա համոզված է, որ նման փորձառությունը բացառիկ հնարավորություն է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական աճի համար։
«Թեև դժվարություններ կան, սակայն դրանք որևէ կերպ չեն ազդում այն փաստի վրա, որ սա լավագույն փորձն է ավելի կայուն դառնալու և ինքդ քեզ ավելի լավ ճանաչելու համար»,- ասում է ԵՊՀ ուսանողը։
Սեդա Վաղարշյանի խոսքով՝ Երևանի պետական համալսարանի ընձեռած հնարավորությունները, որոնցից է նաև «Էրազմուս+» ծրագիրը, կարևոր հարթակ են ուսանողների համար միջազգային փորձ ձեռք բերելու, նոր գիտելիքներ և հմտություններ զարգացնելու և իրենց աշխարհայացքը ընդլայնելու համար։