ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ, ի․գ․թ․ Տիգրան Մարկոսյանի նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 9-ին «Վարչական դատավարությունը Հայաստանի Հանրապետությունում» դասընթացի շրջանակում ուսումնաճանաչողական այց են կատարել ՀՀ վարչական դատարան:
Այցի ընթացքում ուսանողները ներկա են գտնվել դատարանի նախագահ Կ. Զարիկյանի նախագահությամբ անցկացված մի քանի դատական նիստերի՝ գործնականում տեսնելով վարչական գործի նախապատրաստության և դատաքննության ընթացքում իրականացվող դատավարական գործողությունների շրջանակը։
Նիստերից հետո ուսանողները հնարավորություն ունեցան իրենց հարցերը հղելու դատավորին, որը պատասխանեց նրանց հարցերին և փոխանցեց արժեքավոր մասնագիտական խորհուրդներ՝ միտված ապագա իրավաբանների մասնագիտական կայացմանն ու զարգացմանը։
Այցը կարևոր փորձառություն էր ուսանողների համար՝ նպաստելով նրանց տեսական գիտելիքների ամրապնդմանը և վարչական արդարադատության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։