Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի թիմը ս.թ. ապրիլի 25-ին մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի կազմակերպած միջբուհական դատախաղ-մրցույթին, որը վերաբերում էր աշխատանքային իրավունքի թեմային։ Մրցույթին մասնակցում էին ՀՀ բարձրագույն իրավաբանական կրթություն կազմակերպող հաստատություններից 7 թիմեր:
ԵՊՀ թիմում ընդգրկված էին բակալավրիատի չորրորդ կուրսի ուսանողներ Ռոբերտ Սարգսյանը, Աննա Կարենի Գրիգորյանը, Էլեն Չախոյանը և Աննա Արթուրի Գրիգորյանը։ Թիմի մարզիչներն էին ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոսներ, ի.գ.թ. Անի Միքայելյանը և ի.գ.թ. Մերի Խաչատրյանը։
Մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում թիմերն առաջադրված խնդրի վերաբերյալ ներկայացրել են գրավոր փաստարկներ՝ կազմելով դատավարական փաստաթղթեր։ Բանավոր փուլում թիմերը մրցել են միմյանց դեմ՝ ներկայացնելով հայցվոր և պատասխանող կողմերի շահերը։
ԵՊՀ թիմի անդամները մասնակցել են նախ դատախաղ-մրցույթի 1/4 եզրափակիչ փուլին՝ ստանալով առավելագույն 300 միավոր, այնուհետև կիսաեզրափակիչին՝ ստանալով 298 միավոր և անցել եզրափակիչ փուլ։ Եզրափակիչ փուլի խաղի արդյունքում Երևանի պետական համալսարանի թիմը ճանաչվել է հաղթող։ Թիմերի ներկայացրած գրավոր-փաստարկների ամփոփման արդյունքում ԵՊՀ թիմը հաղթող է ճանաչվել նաև «Լավագույն գրավոր փաստարկները ներկայացնելու համար» անվանակարգում։
Դատախաղ-մրցույթներին մասնակցելու և հաջողություններ գրանցելու մշակույթը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների շրջանում վաղուց արդեն ձևավորված և շարունակաբար զարգացող ավանդույթ է։
Այսօրինակ մրցույթները ոչ միայն հնարավորություն են տալիս տեսական գիտելիքները կիրառելու գործնականում, այլև նպաստում են իրավաբանական մտածողության խորացմանը, վերլուծական հմտությունների զարգացմանը և թիմային աշխատանքի կարողությունների ամրապնդմանը։