ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Մերի Խաչատրյանը որպես զեկուցող ս.թ. ապրիլի 25-26-ը մասնակցել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում անցկացված «Մարդու իրավունքները և ժողովրդավարական մշակույթը գործնականում․ կիրառություններ և մարտահրավերներ» խորագրով միջազգային գիտաժողովին։
Գիտաժողովը կազմակերպվել էր Մարդու իրավունքների Մարանգոպուլոսի հիմնադրամի կողմից՝ Աթենքի ազգային և կապոդիստրիական համալսարանի (NKUA) «Identity, Education and Competences for Democratic Culture» համատեղ մագիստրոսական ծրագրի և եվրոպական «Վերգելանդ» կենտրոնի համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 90 մասնակիցներ՝ ձևավորելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության արդի հիմնախնդիրների քննարկման միջազգային հարթակ։
Գիտաժողովի շրջանակում Մերի Խաչատրյանը հանդես է եկել «Մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները գույքի բռնագանձման ժամանակակից մեխանիզմներում» թեմայով զեկուցմամբ։ Հետազոտությունը նվիրված էր առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման ինստիտուտի և մարդու հիմնարար իրավունքների փոխհարաբերությանը՝ սեփականության իրավունքի և արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում։
ԵՊՀ դասախոսը իր ելույթում ներկայացրել է ժամանակակից բռնագանձման կառուցակարգերում ձևավորված նոր մոտեցումը՝ ընդգծելով․ «Եթե ավանդաբար գույքի բռնագրավման համար անհրաժեշտ հիմնական հարցադրումը վերաբերում էր անձի մեղավորությանը, ապա ներկայում կարևորվում է գույքի օրինական ծագման հարցը»։
Այս համատեքստում վերլուծվել են ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Բուլղարիայի և Հայաստանի Հանրապետության իրավակարգավորումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։
Գիտաժողովին մասնակցությունը կարևոր հնարավորություն էր միջազգային ակադեմիական հանրույթի հետ փորձի փոխանակման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության արդի մարտահրավերների շուրջ գիտական քննարկումներին մասնակցելու համար։