Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցավ ԵՊՀ հայ գրականության և գրականության տեսության ամբիոնի «Բանասիրական ընթերցումներ» խորագրով սեմինար-քննարկումը։ Բանախոսն էր Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի գիտաշխատող Սիրանուշ Փարսադանյանը։ Ամբիոնի վարիչ Ն. Վարդանյանը, ներկայացնելով բանախոսին, նշեց, որ նրա գիտական ուղին սկիզբ է առել հայ բանասիրության ֆակուլտետից։
Բանախոսության թեման էր «Ճանապարհորդական նոթերից մինչև պատմական վավերագրություն. հայ ժողովուրդը և գերմանական ուղեգրությունները»։ Ներկայացվեցին տարբեր ժամանակներում հայկական միջավայրում եղած գերմանացի և ավստրիացի ճանապարհորդների և հետազոտողների այն ուղեգրությունները, որոնք առանցքային արժեք ունեն հայագիտության տարբեր հարցերի բացահայտման տեսանկյունից: Բանախոսը առավել հանգամանալից ներկայացրեց Հերման Աբիխի, Ֆրիդրիխ Բոդենշտետի, Մորից Վագների, Ավգուստ ֆոն Հաքստհաուզենի ուղեգրությունները, դրանցում պահպանված հայկական ավանդազրույցներն ու մշակութային-ազգագրական իրողությունների արտացոլումները: Բանախոսության առանցքային թեմաներից մեկն էլ կապված էր հայ նշանավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ Խաչատուր Աբովյանի գործունեությանը. Աբովյանը՝ որպես ժամանակի կրթված և լուսավոր անձնավորություն, եվրոպացի ճանապարհորդների և ուսումնասիրողների ուղեկիցն ու թարգմանն է եղել: Ներկայացվեցին ուղեգրությունները՝ որպես հայոց պատմության, աշխարհագրական տեղանունների և մշակույթի ուսումնասիրության կարևորագույն և արժեքավոր սկզբնաղբյուրներ:
Սեմինարին ներկա դասախոսներն ու ուսանողները ակտիվորեն մասնակցեցին բանախոսությանը՝ հարցերով և առաջարկներով հուշելով հետազոտական մի շարք նոր և կարևոր ուղղություններ գերմանական ուղեգրություններում։

