ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15-ին ուսանողներն այցելել են Հրանտ Մաթևոսյանի մշակույթի կենտրոն, որտեղ մասնակցել են Հովհաննես Թումանյանի թանգարանի կազմակերպած մշակութային միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում դերասան Վարդան Պետրոսյանը ներկայացրել է Հովհաննես Թումանյանի «Սասունցի Դավիթ» պոեմի՝ «Ոսկե դարան» հավելվածի համար ընթերցման շուրջ մեկամյա աշխատանքը։ Նա պատմել է ստեղծագործության ընթերցման ընթացքի, աշխատանքի առանձնահատկությունների և այդ ոլորտում իր փորձառության մասին։
Մշակութային միջոցառման շրջանակում ցուցադրվել են նաև Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթ» էպոսի գիտական լաբորատորիայի ձեռագրերը։ Ուսանողները հնարավորություն են ունեցել ծանոթանալու բացառիկ արխիվային նյութերին՝ առավել խորությամբ բացահայտելով հայ գրական ժառանգության ուսումնասիրման և պահպանման կարևորությունը։
Այցը նպաստել է ուսանողների՝ հայ գրականության և մշակութային ժառանգության վերաբերյալ գիտելիքների ընդլայնմանը, ինչպես նաև գրական ստեղծագործությունների ուսումնասիրման ու հանրահռչակման ժամանակակից մոտեցումներին ծանոթանալուն։