ԵՊՀ ուսանողական խորհրդի հիմնադրման 32-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից հանդիպում-քննարկում ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանի հետ, որն իր ուսանողության տարիներին աչքի է ընկել և՛ բարձր առաջադիմությամբ, և՛ ակտիվությամբ, և՛ ուսանողական կառույցներին ակտիվ մասնակցությամբ: Դեկանը պատմեց իր ուսանողական տարիներից, խորհուրդներ տվեց ուսանողական առօրյան ավելի հագեցած և հետաքրքիր կազմակերպելու վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու ուսանողական ինքնակառավարման առաջին քայլերի և հիշարժան դրվագների մասին, տեղեկացան, թե ինչպես է ՈՒԽ-ում ձեռք բերած փորձը նպաստում մասնագիտական ու կառավարչական հատկանիշների զարգացմանը, ինչպես է դեկանը պատկերացնում ժամանակակից բանասեր-ուսանողի դերը համալսարանական կյանքում։
Քննարկումն անցավ ակտիվ, բաց և անմիջական մթնոլորտում հարցուպատասխանի ձևաչափով։ Ուսանողները իրենց հետաքրքրող հարցերին ստացան սպառիչ պատասխաններ։


