Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի «Հայ գրականություն» մագիստրոսական ծրագրի ուսանողները բ.գ.թ., դոցենտ Նվարդ Վարդանյանի ուղեկցությամբ ս.թ. մայիսի 12-ին այցելեցին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։
Նա չէր սիրում կրկնությունները, փորձերը։ Ամեն ինչ ծնվում էր տարերայնորեն, առանց խորիմաստ տքնության, սրտանց։ Հենց այստեղ էլ գոռում էր, ծիծաղում ու լաց լինում:
Գարրի Կունցև («Կար-չկար մի Փարաջանով»)
«Բանահյուսություն և գրականություն» առարկայի շրջանակում կազմակերպված այցի ընթացքում մագիստրանտները ծանոթացան Սերգեյ Փարաջանովի կյանքին, ստեղծագործական ժառանգությանն ու գեղարվեստական մտածողությանը՝ փորձելով բացահայտել նրա արվեստում արտացոլված բանահյուսական շերտերն ու խորհրդանշական պատկերները։ Բոլոր ժամանակաների մեծագույն արվեստագետներից մեկը՝ Փարաջանովը, հաճախ էր օգտագործում հայկական, վրացական, ուկրաինական և արևելյան բանահյուսության մոտիվներ։ Նրա ֆիլմերում զգալի տեղ ունեն ծիսական պատկերները, ազգային տարազները, ժողովրդական երգն ու առասպելական խորհրդանիշները։ Նա սոսկ կինոռեժիսոր չէր․ Փարաջանովը զբաղվում էր նաև կոլաժների, տիկնիկների, ասամբլյաժների և յուրօրինակ ինստալացիաների ստեղծմամբ։ Նրա արվեստանոցը հիշեցնում էր ստեղծագործական լաբիրինթոս, որտեղ ամեն առարկա վերածվում էր արվեստի, որը միաժամանակ բացահայտում էր վերջինիս ինչպես ներաշխարհն ու երևակայության անսահման սահմանները, այնպես էլ միահյուսում իրականությունն ու հեքիաթը:
Քննարկումների ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց Փարաջանովի ստեղծագործություններում ազգային մշակույթի, երևակայական պատկերացումների և ժողովրդական արվեստի տարրերի յուրօրինակ համադրմանը։ Ուսանողները նկատեցին, որ նրա կինեմատոգրաֆիական լեզուն ձևավորվել է ոչ միայն գեղագիտական նորարարության, այլև ժողովրդական հիշողության ու ավանդույթի խորքային ընկալման հիման վրա։
Այցը կարևոր հնարավորություն դարձավ տեսական գիտելիքները մշակութային կենդանի միջավայրում վերաիմաստավորելու և հայ բանահյուսության ազդեցությունը ժամանակակից արվեստի տարբեր դրսևորումներում դիտարկելու համար։
Մի քանի փաստ Փարաջանովի մասին
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյա հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում։
Գուլագում բանտարկության տարիներին Փարաջանովը ստիպված էր պարկեր կարել։ Ավելացած լաթի կտորներից նա տիկնիկներ է պատրաստել, որոնցից մեկը կերպավորում էր Եգիպտոսի փարավոն Թութանհամոնին։
Չնայած նրան, որ Փարաջանովի ազատ արձակման նպատակով արձագանքել են բազմաթիվ հայտնի արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ, նրան բաց են թողել միայն 4 տարի անց ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջնորդությամբ:

