Ընթացիկ տարվա հուլիսի 20-ին տեղի է ունեցել հայ բանասիրության ֆակուլտետի առկա և հեռակա ծրագրերով ուսուցմամբ բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, շրջանավարտների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև բազմաթիվ հյուրեր:
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց շրջանավարտներին ուսումնառության հաջող ավարտի կապակցությամբ։ Դեկանն ընդգծեց, որ ավարտական վկայականը ոչ միայն բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ է, այլև տարիների հետևողական աշխատանքի, գիտելիքի հանդեպ սիրո, անքուն գիշերների, նպատակասլացության և համառության վերջնարդյունք։ Նա վստահություն հայտնեց, որ շրջանավարտները ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները կծառայեցնեն հայոց լեզվի, գրականության և մշակույթի պահպանմանն ու զարգացմանը՝ արժանապատվորեն ներկայացնելով Երևանի պետական համալսարանն ու մայր ֆակուլտետը:
Հանդիսավոր արարողության ընթացքում շրջանավարտներին հանձնվեցին բակալավրի դիպլոմները, որոնք խորհրդանշում էին ուսանողական կյանքի կարևորագույն փուլերից մեկի ավարտն ու մասնագիտական աճի, նոր հնարավորությունների և պատասխանատու որոշումների սկիզբը։
Շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև հայ բանասիրության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական համակազմի ներկայացուցիչները՝ շրջանավարտներին մաղթելով մասնագիտական ձեռքբերումներ, ստեղծագործ աշխատանք, շարունակական հաջողություններ և մշտատև ինքնակատարելագործում։ Նրանք ընդգծեցին, որ հայոց լեզվի, գրականության և ազգային արժեքների նկատմամբ սերն ու պատասխանատվությունը պետք է ուղեկցեն շրջանավարտներին հետագա գործունեության բոլոր փուլերում։
Շրջանավարտներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին դասախոսներին ու ֆակուլտետի ողջ անձնակազմին՝ ստացած հարուստ գիտելիքների, մասնագիտական պատրաստվածության, մշտական աջակցության և հոգատար վերաբերմունքի համար՝ նշելով, որ ԵՊՀ-ում անցկացրած տարիներն առանցքային նշանակություն են ունեցել թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կայացման գործում։
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետը հետևողականորեն շարունակում է իր առաքելությունը՝ պատրաստելով բարձրակարգ մասնագետներ, որոնք իրենց գիտելիքներով, կարողություններով և նվիրվածությամբ արժանի ներդրում կունենան ինչպես հայոց լեզվի և գրականության, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի և հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման գործում։


