Միջմշակութային հաղորդակցություն (գերմաներեն)
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր և մասնագիտական պարտադիր և կամընտրական դասընթացներից, որոնք նպաստում են գիտահետազոտական հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը:
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննության ձևաչափը՝ բանավոր։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել միջմշակութային հաղորդակցության ոլորտում գերմաներենի մասնագետներ, որոնք կունենան տեսական և գործնական խոր գիտելիքներ՝ միջմշակութային հաղորդակցության խնդիրները հասկանալու և վերլուծելու համար, ունակ կլինեն գործածելու գերմաներեն բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները միջմշակութային շփման տարբեր իրադրություններում:
Առավելությունները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի ներկայացնելու և մեկնաբանելու գերմանական լեզվամշակույթին առնչվող խնդիրներն ու դրսևորումները հաղորդակցության տարբեր իրադրություններում, քննարկելու միջմշակութային հաղորդակցության տեսության, արդի լեզվաբանության, թարգմանաբանության և հարակից այլ գիտակարգերի հասկացական փոխհարաբերությունները միջմշակութային խնդիրները լուծելու համար, նկարագրելու գերմանախոս երկրների հասարակական-քաղաքական, պատմամշակութային զարգացման առանձնահատկությունները, արժևորելու լեզվական և արտալեզվական տարբեր գործոնների դերը միջմշակութային հաղորդակցության ոլորտում, պարզաբանելու միջմշակութային տեքստերի կառուցման օրինաչափությունները և կիրառելու դրանք տարբեր իրավիճակներում, կատարելու ինքնուրույն հետազոտական աշխատանք միջմշակութային հաղորդակցության տեսության և լեզվաբանության հարակից ոլորտներում, կատարելու գործնական աշխատանքներ (վերլուծություն, մեկնաբանություն, թարգմանություն, միջտեքստային զուգադրական ուսումնասիրություն)՝ տարբեր լեզվամշակույթների համադրմամբ, գործնականում կիրառելու ձեռք բերած տեսական գիտելիքները և դրանք ստեղծագործաբար զարգացնելու, վերլուծելու միջմշակութային հաղորդկացության ընթացքում ծագած խնդիրները՝ առաջադրելով դրանց լուծման անհրաժեշտ եղանակներն ու ուղիները, վերլուծելու գիտական-մասնագիտական տեղեկատվությունը՝ առաջադրելով հետազոտական նոր նպատակներ ու խնդիրներ և կիրառելով անհրաժեշտ մեթոդաբանություն։
Մասնագիտական պրակտիկան կազմակերպվում է 3-րդ կիսամյակում, ինչպես ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում, այնպես էլ այլ վայրերում՝ Հայաստանի հանրային ռադիոյում, միջազգային կազմակերպություններում և այլուր։
Կարիերայի հնարավորությունները
Մագիստրատուրան ավարտելուց հետո շրջանավարտը հնարավորություն ունի ուսումը շարունակելու թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, ընդ որում՝ նույն մասնագիտությամբ կամ հարակից մասնագիտություններով, օրինակ՝ ընդհանուր լեզվաբանություն, համեմատական և տիպաբանական լեզվաբանություն, գրականագիտություն, գերմաներենը որպես օտար լեզու: Բացի դրանից, բանասիրության մագիստրոսի դիպլոմը մեծ հնարավորություններ է ընձեռում աշխատելու գերմանախոս երկրների դեսպանություններում, գերմանախոս միջազգային կազմակերպություններում, ՀՀ պետական և մասնավոր կառույցներում, մշակութային միություններում, հրատարակչություններում:
Շրջանավարտները կարող են գերմաներեն դասավանդել միջնակարգ և ավագ դպրոցներում, վարել լեզվական դասընթացներ կրթական տարբեր հաստատություններում: