Ընդհանուր տվյալներ
Այս աշխատանքի նպատակը հայերենի բառամթերքի համապարփակ նկարագրությունն է՝
• ըստ բառիմաստային խմբերի՝ ֆիզիկական աշխարհ (լանդշաֆտ, կենդանիներ, բույսեր, եղանակ, գույներ և այլն) և մշակույթ (արհեստ, հավատալիքներ և այլն),
• հնդեվրոպական նախահայրենիքի, Առաջավոր Ասիայի և Հայկական լեռնաշխարհի առնչակցության համատեքստում,
• հայոց լեզվի զարգացման բոլոր փուլերում՝ հնդեվրոպական ակունքներից (մ․թ․ա․ շուրջ IV հազարամյակ) մինչև արդի բարբառներ։
Հնդեվրոպական տրոհումից հետո վաղնջահայերենի կրողները տեղի ոչ հնդեվրոպական լեզուներից փոխառել են ենթաշերտային բազմաթիվ բառեր: Այս նախապատմական փուլերին հաջորդել են պատմական հին ու նոր շրջանները, երբ հայերենը լեզվական առնչություններ է ունեցել կովկասյան, անատոլիական, խուռա-ուրարտական, սեմական, իրանական և այլ լեզուների հետ։
Առաջարկվող նախագիծը հայերենի բառամթերքը քննելու է բնիկ հայկական և փոխառյալ բառախմբերի բազմաշերտ փոխհարաբերությունների համատեքստում։ Իմաստախմբերի քննություններն ամփոփվում են տեղեկատվական մեծ ընդգրկման և գունային տարբերակման աղյուսակներով ու այլ պատկերներով։
Աշխատանքի արդյունքը լինելու է հայոց բնաշխարհի և մշակույթի վերաբերյալ հայոց պատկերացումների պատմության համակարգային ուսումնասիրություն, որի միջգիտաճյուղային հյուսվածքի առանցքում պատմահամեմատական լեզվաբանությունն է։
Գրքի եզրափակիչ մասում կլինեն ընդարձակ մատենագիտություն և լիակատար բառացանկեր։