Ընդհանուր տվյալներ
Առաջարկվող նախագծի նպատակն է սինթեզել հոմո- և հետերոմետաղական կոմպլեքսներ կենսաանհրաժեշտ մետաղների հետ՝ նոր կենսաակտիվ կոորդինացիոն միացությունների հայտնաբերման համար: Կենսաանհրաժեշտ մետաղների կարբօքսիլատները հատուկ ուշադրություն են գրավում, քանի որ դրանք «հարմարվող կառուցվածքային բլոկներ» են, որոնք կարող են ձևավորել կայուն կառուցվածքներով տարբեր կոմպլեքսներ: Այս միացությունները ստանալու համար կօգտագործվեն թթվածնի, ազոտի և/կամ ծծմբի դոնոր ատոմներ պարունակող կենսաբանորեն ակտիվ լիգանդներ, որոնք, ինչպես հայտնի է, կարևոր դեր են խաղում կենսաբանական ակտիվության կարգավորման գործում:
Հետազոտության նպատակն է մշակել նոր մեթոդներ կենսաանհրաժեշտ մետաղների և նշված լիգանդների համակցման համար՝ նպատակ ունենալով բարելավելու դրանց հակաբակտերիալ և հակաուռուցքային հատկությունները։
Նախագիծը միտված է մետաղների վրա հիմնված թերապևտիկ միջոցների մշակմանը և կառուցվածք-ակտիվության փոխկապակցության խորացված ուսումնասիրությանը՝ նպատակ ունենալով պարզելու կենսաակտիվության մեխանիզմները։ Դրա համար կօգտագործվի կենսաանհրաժեշտ մետաղների յուրահատուկ կոորդինացիոն քիմիան և ֆիզիկաքիմիական հատկությունները, ինչպիսիք են լյումինեսցենցիան, օքսիդավերականգնման ակտիվությունը և բարձր կոորդինացիոն թվերը։