- Գլխավոր
- Նորություններ
- ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ
Հոկտեմբեր 06, 2026 | 13:30
Գործընկերներ
Կրթություն
ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության ներկայացուցիչները հանդիպեցին ԵՊՀ ուսանողների հետ
Դիվանագիտական նոր էջ, 1956-ի հեղափոխության դասերն ու հունգարական մշակույթի բացահայտումը. ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում հյուրընկալվել էր Հայաստանում Հունգարիայի դեսպանության պատվիրակությունը, որի ներկայացուցիչները ուսանողների համար բացահայտեցին ոչ միայն երկկողմ կրթական հնարավորությունները, այլև պատմական առանցքային իրադարձությունների մանրամասները։
ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդրա Չիզմադիան, ընդգծելով երկկողմ կապերի զարգացման կարևորությունը, նշեց․ «Հայաստանում Հունգարիայի դեսպանության բացումը պատմական քայլ էր երկու երկրների գործընկերային հարաբերություններում։ Մենք մեծապես կարևորում ենք ակադեմիական ու մշակութային համագործակցությունը և սիրով հրավիրում ենք ԵՊՀ ուսանողներին այցելելու Հունգարիա և բացահայտելու մեր երկիրը»։
Հունգարիայի դեսպանության հյուպատոս Պետեր Տարչայը հանդիպման ընթացքում ուսանողներին ներկայացրեց «1000 տարին 30 րոպեում․ կարճ ներածություն Հունգարիայի մասին» խորագրով դասախոսությունը՝ անդրադառնալով Հունգարիայի աշխարհագրությանը, պատմությանը, գիտական ձեռքբերումներին ու գյուտերին, մշակույթին ու ազգային ավանդույթներին։ Նրա խոսքով՝ Հունգարիան ունի պատմական հարուստ ժառանգություն և գիտական մեծ ներուժ։ Դեսպանության նպատակներից է հայ երիտասարդներին ավելի մոտիկից ծանոթացնել հունգարական մշակույթին և կրթական հնարավորություններին։
Հանդիպման ընթացքում դասախոսությամբ հանդես եկավ Ֆերենց Ռակոցի II-ի անվան անդրկարպատյան հունգարական համալսարանի պրոֆեսոր Նատալյա Վարադին, որն անդրադարձավ 1956 թվականի հունգարական հեղափոխությանն ու ազատագրական պայքարին։
«1956 թվականի հունգարական հեղափոխությունը կարևոր նշանակություն է ունեցել մեր ժողովրդի պատմության և ինքնորոշման գործընթացում։ Կարևոր է, որ ուսանողները՝ որպես ապագա միջազգայնագետներ, մանրամասն ուսումնասիրեն պատմական այս իրադարձություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանային գործընթացների վրա»,- ընդգծեց նա։
Հանդիպման ավարտին ուսանողները բանախոսներին ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը։ Նրանց հատկապես հետաքրքրում էին Հունգարիայում սովորելու հնարավորությունները, կրթաթոշակային ծրագրերին դիմելու կարգը և դեսպանատան առաջարկած փոխանակման ծրագրերը։
Նշենք, որ Երևանի պետական համալսարանում վերջերս տեղի ունեցած մեկ այլ հանդիպման ընթացքում ՀՀ-ում Հունգարիայի դեսպանության ներկայացուցիչների հետ քննարկվել էին հայ-հունգարական ակադեմիական համագործակցության ընդլայնման, կրթական նոր նախաձեռնությունների և համատեղ միջոցառումների հնարավորությունները։







