- Գլխավոր
- Նորություններ
- Նշանագիտությունն ու արհեստական բանականությունը՝ միջազգային գիտաժողովի օրակարգում
Հոկտեմբեր 19, 2026 | 09:18
Գիտություն
Կոնֆերանսներ
Կրթություն
Նշանագիտությունն ու արհեստական բանականությունը՝ միջազգային գիտաժողովի օրակարգում
Կարո՞ղ է արհեստական բանականությունը ոչ միայն բառեր համադրել, այլև մասնակցել իմաստի ստեղծմանը։ Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում լրագրողի աշխատանքը, գիտական հետազոտությունն ու տեղեկատվության ընկալումը։ Այս հարցերը քննարկվեցին Երևանի պետական համալսարանում անցկացված՝ Հայաստանում միջազգային նշանագիտական առաջին գիտաժողովում, որը նվիրված էր մեդիատեքստին, նշանագիտությանն ու արհեստական բանականությանը։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և Հայկական նշանագիտական ուսումնասիրությունների ասոցիացիայի նախաձեռնությամբ հոկտեմբերի 15–17-ը ԵՊՀ-ում անցկացվեց «Մեդիատեքստ. նշանագիտություն և արհեստական բանականություն. նոր իմաստների որոնում» խորագրով գիտաժողովը։ Այն միավորեց գիտական տարբեր ուղղությունների ներկայացուցիչների՝ քննարկելու իմաստների ստեղծման, փոխանցման և ընկալման գործընթացները փոփոխվող մեդիամիջավայրում։ Գիտաժողովին մասնակցեցին հայ և օտարերկրյա հետազոտողներ, այդ թվում՝ Հունգարիայից, Ավստրիայից, Լեհաստանից և Ռումինիայից ժամանած մասնագետներ։
Գիտաժողովի բացման ժամանակ ընդգծվեցին ինչպես մեդիայի ու արհեստական բանականության փոխհարաբերության արդիականությունը, այնպես էլ տարբեր գիտական ուղղությունների միջև երկխոսության անհրաժեշտությունը։
ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը կարևորեց գիտաժողովի շրջանակում քննարկվող թեմաների փոխկապակցվածությունը։
«Այս գիտաժողովը մեկտեղում է մարդու և արհեստական բանականության համագործակցության, արհեստական մեդիայի, լեզվական լանդշաֆտի, թվային ազդանշանների, մշակութային հիշողության և ապագայի ներկայացման թեմաները։ Սրանք մեկուսացած թեմաներ չեն, այլ փոխկապակցված երևույթներ, որոնք պետք է դիտարկել ամբողջության մեջ»,- ընդգծեց նա։
Արտերկրից ժամանած մասնագետների մասնակցությամբ քննարկվեցին ժամանակակից մեդիայի մարտահրավերները տարբեր գիտակարգերի տեսանկյունից՝ համադրելով հետազոտական մոտեցումներն ու փորձը։ Այս երկխոսությունն առավել կարևոր է այն պայմաններում, երբ արհեստական բանականության ազդեցությունը տարածվում է ոչ միայն լրագրության, այլև կրթության, գիտության և մշակութային հաղորդակցության վրա։
Գիտաժողովի առաջին զեկուցողը՝ ռումինացի ակադեմիկոս և հետազոտող Նիկոլաե-Սորին Դրագանը, կարևորեց միջոցառման՝ գիտական երկխոսության և գաղափարների փոխանակման հարթակ լինելու հանգամանքը։
«Բացի ակադեմիական միջոցառում լինելուց՝ գիտաժողովը երկխոսության նոր հարթակ է ստեղծում, իսկ թեմաները դժվար թե կարող էին ավելի արդիական լինել»,- ասաց հետազոտողը։
Եռօրյա գիտաժողովի շրջանակում «Արհեստական մշակույթ․ նշանագիտական մոտեցում մեքենայական տեքստայնությանը» (Synthetic Culture. A Semiotic Approach to Machine-Generated Textuality) թեմայով զեկուցմամբ հանդես եկավ իտալացի նշանագետ, Թուրինի համալսարանի հաղորդակցության փիլիսոփայության և մշակութային նշանագիտության պրոֆեսոր Մասսիմո Լեոնեն՝ անդրադառնալով արհեստական բանականության ստեղծած տեքստերին և դրանց ուսումնասիրության հնարավորություններին։
Պրոֆեսորի ելույթում տեխնոլոգիական փոփոխությունների հարցը դիտարկվեց գիտական աշխատանքի և մասնագիտական ինքնության տեսանկյունից։ Եթե լեզվական գիտելիքը, տեքստերի վերլուծությունն ու բովանդակության ստեղծումը երկար ժամանակ եղել են մասնագիտական փորձառության կարևոր բաղադրիչներ, ապա այսօր արհեստական բանականությունն արդեն կարող է կատարել այդ աշխատանքի մի մասը՝ նոր հարցեր առաջացնելով մարդու դերի, աշխատանքի արժեքի և մասնագիտական ապագայի վերաբերյալ։
«Իմ ամբողջ կյանքի ընթացքում գիտական աշխատանք եմ կատարել՝ օգտագործելով լեզվական գիտելիքներս և կարողություններս, և այդ աշխատանքի շնորհիվ բավականաչափ վաստակել եմ։ Այն ինձ նաև սոցիալական հեղինակություն է տվել։ Հիմա, սակայն, պարզվում է, որ արհեստական բանականությունը կարող է փոխարինել ինձ»,- նշեց նա՝ ներկայացնելով այն մտահոգությունը, որի առաջ կանգնած են նաև այլ ոլորտների մասնագետներ։
Մասսիմո Լեոնեն կարևորեց նաև դասախոսների և ուսանողների անմիջական հաղորդակցությունը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական գործիքների կիրառումը չպետք է փոխարինի կենդանի երկխոսությանը։ Նրա դիտարկմամբ՝ կրթության մեջ անհրաժեշտ է պահպանել անձնական կապը և ուսանողների հետ անմիջական շփումը։
Գիտաժողովի օրակարգն ընդգրկում էր նաև տեսալսողական մեդիայի փոխակերպումներին, լեզվական լանդշաֆտին, թվային քաղաքացիությանը, քաղաքի մշակութային հիշողությանը, ապագայի պատկերների կառուցմանը վերաբերող, ինչպես նաև էկոլոգիական և բիոնշանագիտական հարցեր։
Գիտաժողովի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 16-ը, համընկավ Հայ մամուլի օրվա հետ՝ խորհրդանշական կապ ստեղծելով հայկական մամուլի պատմության և ժամանակակից մեդիայի մարտահրավերների միջև։ «Ազդարարի» ժամանակներից մինչև թվային մեդիա փոխվել են հաղորդակցության միջոցները, սակայն շարունակում է կարևոր մնալ այն հարցը, թե ինչպես է տեղեկատվությունը հասնում մարդուն և ինչ ազդեցություն է ունենում նրա ընկալումների վրա։
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանն անդրադարձավ հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանի ժառանգությանը՝ ընդգծելով, որ մամուլի առաքելությունը չի սահմանափակվում տեղեկություն փոխանցելով, այլ ենթադրում է նաև լսարանի վրա ազդեցություն ունենալու պատասխանատվություն։
«Հայկական առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիր Հարություն քահանա Շմավոնյանը չգիտեր՝ ինչ բան է մեդիատեքստը, ինչ է նշանագիտությունը կամ արհեստական բանականությունը, բայց գիտեր, որ իր ստեղծածը պետք է փոխի լսարանը։ Մենք այսօր այստեղ ենք՝ շարունակելու նրա առաքելությունը»,- նշեց Նաղաշ Մարտիրոսյանը։
ԵՊՀ-ում անցկացված միջազգային գիտաժողովը համախմբեց տարբեր գիտակարգերի ներկայացուցիչներին՝ քննարկելու, թե ինչպես են արհեստական բանականությունն ու թվային միջավայրը փոխում իմաստի ստեղծման և հաղորդակցության գործընթացները։ Քննարկումների առանցքում ոչ միայն տեխնոլոգիական նոր հնարավորություններն էին, այլև մարդու դերն ու կենդանի հաղորդակցության նշանակությունը։










