- Գլխավոր
- Նորություններ
- Գիտությունից դեպի իրավական լուծումներ․ ԵՊՀ-ն՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային քննարկումների հարթակում
Հոկտեմբեր 26, 2026 | 14:11
Գիտություն
Կրթություն
Հետազոտություն
Գիտությունից դեպի իրավական լուծումներ․ ԵՊՀ-ն՝ կենսաբազմազանության պահպանության միջազգային քննարկումների հարթակում
Գիտական տվյալները բնապահպանական արդյունավետ օրենսդրության և հանրային քաղաքականության հիմքում դնելու հարցը քննարկվել է «Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր-2026» միջազգային համաժողովում։ COP17-ի շրջանակում անցկացված միջոցառման կազմակերպմանը մասնակցել է Երևանի պետական համալսարանը՝ միջազգային գործընկերների հետ քննարկելով կենսաբազմազանության պահպանության իրավական մարտահրավերները։
Հոկտեմբերի 23-24-ն անցկացված միջազգային առցանց համաժողովը միավորել էր իրավունքի, բնապահպանության, գիտության և հանրային կառավարման ոլորտների մասնագետների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ քննարկելու կենսաբազմազանության պահպանությանն առնչվող իրավական ու կառավարման մարտահրավերները։
Միջոցառումը կազմակերպվել էր Երևանի պետական, Քեմբրիջի, Կոստա Ռիկայի և այլ համալսարանների, միջազգային իրավական ու բնապահպանական կառույցների համագործակցությամբ՝ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում։
Գիտական գիտելիքը պետք է վերածվի գործնական որոշումների
Համաժողովի բացմանը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանումը միայն բնապահպանական խնդիր չէ․ այն անմիջականորեն առնչվում է մարդու առողջությանը, տնտեսությանը, համայնքների բարեկեցությանը և ապագա սերունդների կենսապայմաններին։
Ռեկտորի խոսքով՝ գիտական հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատելու մարդու գործունեության ազդեցությունը բնության վրա, բացահայտելու վտանգները և մշակելու դրանց հաղթահարման լուծումներ։ Սակայն գիտական տվյալներն ինքնին բավարար չեն․ անհրաժեշտ է դրանք կիրառել արդյունավետ օրենսդրության, հանրային քաղաքականության և գործնական որոշումների մշակման գործընթացում։
Հովհաննես Հովհաննիսյանը կարևորել է համալսարանների դերը գիտության և հանրային քաղաքականության միջև կապի ամրապնդման գործում։ Նրա խոսքով՝ կենսաբանական, բնապահպանական, իրավական և միջազգային հարաբերությունների ոլորտների գիտելիքի համադրումը կարող է նպաստել կենսաբազմազանության պահպանության ավելի արդյունավետ լուծումների մշակմանը։
Ռեկտորն ընդգծել է նաև, որ Հայաստանի հարուստ կենսաբազմազանության պահպանումը պահանջում է ոչ միայն ազգային ջանքեր, այլև տարածաշրջանային ու միջազգային համագործակցություն։ Նրա գնահատմամբ՝ COP17-ի անցկացումը Հայաստանում հնարավորություն է ընդլայնելու միջազգային մասնագիտական կապերը և միջազգային քննարկումներում ներգրավելու երկրի գիտական ներուժը։
Միջազգային պարտավորություններից՝ ազգային օրենսդրություն
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ելույթում կենսաբազմազանության պահպանության հարցերը դիտարկել է իրավունքի գերակայության, արդյունավետ կառավարման և մարդու իրավունքների համատեքստում։
Նախարարը կարևորել է միջազգային բնապահպանական պարտավորությունները ազգային օրենսդրության, հաշվետու ինստիտուտների և արդյունավետ կառավարման մեխանիզմների միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակին՝ Սրբուհի Գալյանն ընդգծել է, որ դրա նպատակների իրականացումը կախված է ազգային իրավական համակարգերի արդյունավետությունից և պետական կառույցների՝ ստանձնած պարտավորությունները կատարելու կարողությունից։
Նա կարևորել է նաև Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի, Կարթագենի և Նագոյայի արձանագրությունների դերը կենսաբազմազանության պահպանության, կենսաանվտանգության և գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի ու հավասար բաշխման իրավական հիմքերի ապահովման գործում։
Անդրադառնալով Հայաստանի փորձին՝ նախարարը շեշտել է միջազգային պարտավորությունների կատարման համար ներպետական օրենսդրության, պետական կառույցների հստակ լիազորությունների և արդյունավետ համակարգման կարևորությունը։
Կենսաբազմազանության գլոբալ նպատակները և դրանց իրականացումը
Համաժողովի առանցքային թեմաներից էր Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացումը։ Այն սահմանում է կենսաբազմազանության պահպանության և էկոհամակարգերի վերականգնման միջազգային նպատակներ՝ մինչև 2030 թվականը։
Շրջանակի առանցքային նպատակներից է «30×30» նպատակը՝ մինչև 2030 թվականը ցամաքային և ներքին ջրային տարածքների, ինչպես նաև ծովային ու առափնյա տարածքների առնվազն 30 տոկոսի արդյունավետ պահպանության և կառավարման ապահովումը։
Սակայն պահպանվող տարածքի իրավական կարգավիճակն ինքնին բավարար չէ։ Անհրաժեշտ են նաև արդյունավետ կառավարման, մշտադիտարկման, վերահսկողության և կայուն ֆինանսավորման մեխանիզմներ։
Համաժողովի մասնագիտական օրակարգն ընդգրկել է միջազգային բնապահպանական պարտավորությունների՝ ազգային օրենսդրության մեջ ամրագրման, պահպանվող տարածքների կառավարման, բնապահպանական արդարության և որոշումների կայացման գործընթացում տեղական համայնքների մասնակցության հարցերը։
Անդրադարձ է կատարվել նաև գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդարացի բաշխմանը, գենետիկական հաջորդականությունների թվային տեղեկատվության կիրառությանը և նոր տեխնոլոգիաների առաջացրած իրավական մարտահրավերներին։ Քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանության ֆինանսավորման, պետական ու մասնավոր միջոցների ներգրավման և իրավական հաշվետվողականության հարցերը։
Հետհակամարտային պայմաններում բնապահպանական համագործակցության իրավական հիմքերը
Համաժողովի շրջանակում ԵՊՀ կազմակերպմամբ անցկացվել է «Կենսաբազմազանության մասին պայմանագրերի իրականացումը հետհակամարտային պայմաններում. հակամարտությունից դեպի երկխոսություն» խորագրով փորձագիտական քննարկում։
Բնապահպանական խնդիրները հաճախ դուրս են գալիս մեկ պետության սահմաններից, ուստի դրանց լուծումը կարող է պահանջել համագործակցություն նաև բարդ տարածաշրջանային հարաբերությունների պայմաններում։ Ջրային ռեսուրսների կառավարումը, էկոհամակարգերի վերականգնումը և կենսաբազմազանության մշտադիտարկումը կարող են դառնալ երկխոսության ուղղություններ, իսկ միջազգային բնապահպանական պայմանագրերը՝ այդ համագործակցության իրավական հիմքեր։
Քննարկման առանցքում հետհակամարտային պայմաններում միջազգային բնապահպանական պայմանագրերի կիրառման և բնապահպանական հարցերի շուրջ երկխոսության հնարավորություններն էին։ Այս համատեքստում կենսաբազմազանության պահպանության խնդիրները դիտարկվել են նաև տարածաշրջանային համագործակցության և միջազգային իրավունքի տեսանկյունից։
Համալսարանների դերը միջազգային պարտավորությունների իրականացման գործում
Կենսաբազմազանության պահպանության իրավական մեխանիզմների ուսումնասիրությունը պահանջում է բնագիտական, իրավական, տնտեսական և կառավարման գիտելիքի համադրում։ Համալսարանները կարող են նպաստել այդ ոլորտների միջև համագործակցությանը՝ գիտական հետազոտությունների արդյունքները կապելով իրավական կարգավորումների և հանրային քաղաքականության մշակման հետ։
ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական կրթական ծրագրի համահիմնադիր և ղեկավար Եղիշե Կիրակոսյանն ընդգծել է, որ Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օրվա ու մասնագիտական դասընթացի կազմակերպումը հնարավորություն է տալիս ԵՊՀ ներկայացուցիչներին և ոլորտի մասնագետներին խորացնելու գիտելիքները կենսաբազմազանության պահպանության իրավական մեխանիզմների վերաբերյալ։
Նրա խոսքով՝ նման միջոցառումները նաև նպաստում են պետական մարմինների հետ համագործակցության զարգացմանը՝ կենսաբազմազանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների արդյունավետ կատարման նպատակով։
ԵՊՀ մասնակցությունը համաժողովի կազմակերպմանը և հետհակամարտային պայմաններում բնապահպանական համագործակցությանը նվիրված քննարկման անցկացումը նպաստել են կենսաբազմազանության պահպանության իրավական հարցերի շուրջ միջազգային մասնագիտական երկխոսության ընդլայնմանը։
«Կենսաբազմազանության իրավունքի և կառավարման օր» միջազգային միջոցառումների շարքն անցկացվում է 2016 թվականից՝ ՄԱԿ-ի կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովներին զուգահեռ։ Այն միավորում է գիտնականների, իրավաբանների, քաղաքականություն մշակողների և միջազգային կառույցների ներկայացուցիչների՝ նպաստելով բնապահպանական միջազգային պարտավորությունների գործնական իրականացմանը։







