- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ էր այցելել ՀՀ-ում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը
Հունիս 10, 2025 | 12:38
Գործընկերներ
Կրթություն
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ էր այցելել ՀՀ-ում Ուրուգվայի արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը։ Այցի շրջանակում նա հանդիպեց ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հետ՝ քննարկելով երկու երկրների ակադեմիական համագործակցության խորացման հնարավորություններն ու կրթական կապերի ընդլայնման հեռանկարները։

ԵՊՀ ռեկտորի և նորանշանակ դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինի հանդիպման շրջանակում քննարկվեցին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Հովհաննես Հովհաննիսյանը, դեսպանին ներկայացնելով ԵՊՀ պատմությունը, կրթական և գիտահետազոտական ներուժը, ինչպես նաև համալսարանի միջազգային համագործակցության ընդլայնման տեսլականը, ընդգծեց, որ ԵՊՀ-ն բաց է համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար։

«ԵՊՀ-ն Հայաստանի ամենամեծ ուսումնական հաստատությունն է թե՛ ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի թվով, թե՛ գիտական և կրթական ծրագրերի ծավալով։ ԵՊՀ-ի գիտնականների հեղինակությամբ միջազգային գիտական ամսագրերում հրապարակվել է շուրջ 700 հոդված՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով մոտ 70 տոկոս աճ։ Այս ցուցանիշը համալսարանի ակադեմիական ներուժի կայուն աճի վկայությունն է։ Բացի այդ՝ ԵՊՀ-ն «Էրազմուս+» յոթ ծրագրերի ղեկավար է, ինչը մեզ հնարավորություն է տալիս համագործակցելու ինչպես եվրոպական, այնպես էլ հայաստանյան բուհերի հետ՝ խթանելով ուսանողների և դասախոսների միջազգային շարժունությունը»,- նշեց ռեկտորը՝ հավելելով, որ համալսարանը մեծ կարևորություն է տալիս նաև կրթական ծրագրերի որակի բարելավմանը: Այս պահին մաթեմատիկական վեց ծրագիր անցնում է միջազգային հավատարմագրման գործընթաց՝ գերմանական ASIIN կազմակերպության կողմից։
Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց նաև, որ վերջին տարիներին պետական աջակցությամբ ԵՊՀ-ն համալրվել է գիտական ժամանակակից սարքավորումներով, որի շնորհիվ զգալիորեն բարձրացրել են համալսարանի հետազոտական հնարավորությունները։
Սիլվանա Լեսկա Բարոլինն իր հերթին նշեց, որ Ուրուգվայը կարևորում է գիտակրթական համագործակցությունը և պատրաստ է խթանել հայ-ուրուգվայական բարձրագույն կրթական հաստատությունների միջև գործընկերային կապերի ձևավորումը։ Դեսպանը հետաքրքրվեց համալսարանում գործող կրթական ծրագրերով, ինչպես նաև իսպաներենի ուսուցման հնարավորություններով:

«Ցանկանում ենք խթանել մեր համալսարանների միջև գործակցային կապերը: Ինչ վերաբերում է իսպաներենին, ապա լեզվի տարածումը մեզ համար առաջնահերթություն է, ուստի ուրախ կլինենք մասնակցելու այն ծրագրերին, որոնք միտված են իսպաներենի ուսուցման զարգացմանը Հայաստանում։ Հաշվի առնելով մեր երկրների միջև գոյություն ունեցող աշխարհագրական հեռավորությունը՝ համագործակցությունը կարելի է իրականացնել ինչպես փոխայցելությունների, այնպես էլ առցանց միջոցառումների կազմակերպման միջոցով։ Lիովին պատրաստակամ ենք համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ՝ ավելի առարկայական և շարունակական դարձնելով երկկողմ կրթական հարաբերությունները»,- եզրափակեց դեսպանը։
Հանդիպումից հետո դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինը շրջեց ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնում՝ ծանոթանալով կրթական գործընթացին, ամբիոնի գիտակրթական ծրագրերին և իսպաներենի ուսումնասիրության ներկայիս ձևաչափերին։
Հանդիպումը վերածվեց երկուստեք վստահության և փոխըմբռնման յուրօրինակ հարթակի, որը նոր ճանապարհ է բացելու տարբեր ձևաչափերի ծրագրերի իրականացման և համագործակցության զարգացման համար։ Կողմերը պարտավորվեցին ձեռնարկել գործնական քայլեր՝ ակտիվ հաղորդակցության պահպանման և ծրագրվող նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ։