- Գլխավոր
- Նորություններ
- ԵՊՀ-ն ու Շանհայի համալսարանը ձեռնարկում են քայլեր՝ հայագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման համար
Հունիս 20, 2025 | 17:17
Գիտություն
Գործընկերներ
Միջազգային համագործակցություն
ԵՊՀ-ն ու Շանհայի համալսարանը ձեռնարկում են քայլեր՝ հայագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման համար
ԵՊՀ-ում հյուրընկալվեց Շանհայի համալսարանի թյուրքագիտության կենտրոնի պրոֆեսոր Յանգ Չենի գլխավորած պատվիարկությունը՝ հայագիտության ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով:


Յանգ Չենն ընդգծեց, որ վերջին տասը տարիների ընթացքում իր հետազոտությունների հիմնական ուղղություններն են թյուրքագիտությունը, Միջին Արևելքի ուսումնասիրությունները և Չինաստանի ու Միջին Արևելքի միջև հարաբերությունները. «Այժմ ցանկանում եմ ընդլայնել իմ հետազոտական շրջանակը՝ ներառելով նաև Հայաստանը, Ադրբեջանը և ամբողջ Կովկասյան տարածաշրջանը»,- ասաց պրոֆեսորը։
Նա ընդգծեց, որ ձգտում են նպաստել Չինաստանում հայագիտության վերաբերյալ գիտելիքների տարածմանը, քանի որ Չինաստանում հայագիտության, համաշխարհային պատմության, քաղաքականության և արտաքին քաղաքականության վերաբերյալ տեղեկատվությունն առայժմ սահմանափակ է։
Շանհայի համալսարանի Գլոբալ հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Դու Դոնխուն իր հերթին ընդգծեց, որ միայն թյուրքագիտության վրա կենտրոնանալը կարող է ստեղծել թուրքակենտրոն մոտեցում, և տարածաշրջանային իրադարձությունները տեսանելի կլինեն բացառապես թուրքական տեսանկյունից. «Իմ համոզմամբ դա սխալ և ոչ ամբողջական պատկերացում է ստեղծում։ Հաճախ անհրաժեշտ է ծանոթանալ հայերի, հատկապես հայկական մշակույթում ապրած հայերի տեսակետներին։ Այս նպատակի համար եմ ես այսօր այստեղ՝ սովորելու ձեզնից»։

Շանհայի համալսարանի հրավիրյալ դասախոս Չանգգանգ Գուոն էլ նշեց, որ սերտ համագործակցում է Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի հետ, որը Չինաստանի սոցիալական գիտությունների ամենամեծ և հեղինակավոր կենտրոններից մեկն է: Նա հույս հայտնեց, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հետ արդյունավետ համագործակցություն կծավալվի։
ԵՊՀ միջազգային հարաբերությունների դեկան Տիգրան Եփրեմյանը հյուրերին ներկայացրեց Հայաստանի պատմությունը, խորհրդային ժամանակաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները, կնքված պայմանագրերը, որոնց մեծ մասը ոչ հայանպաստ են եղել: Անդրադարձ կատարվեց նաև Նախիջևանի ու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայության տեղահանմանն ու մշակութային ժառանգության ոչնչացմանը:

Շանհայի համալսարանի պատվիրակության անդամները ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ քննարկեցին նաև Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, հարևան երկրների, մասնավորապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը:
Պրոֆեսոր Յանգ Չեն ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին նվիրեց Թան դինաստիայի ժամանակաշրջանի ոճով պատրաստված ձիու եռագույն արձանիկ. «Չինական մշակույթում ձին հաջողության խորհրդանիշ է։ Չինարենում կա մի արտահայտություն, որում ասվում է «Ձիու գալուստով հաջողություն կունենաս»։ Սա խորհրդանշում է մեր համագործակցության հաջողությունը»,- ասաց նա։
Նշենք, որ արձանիկը ի պահ տրվեց ԵՊՀ պրոֆեսոր Լ. Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանին: