- Գլխավոր
- Նորություններ
- «Սիգման» միջազգային հեղինակավոր դպրոցն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում
Հունիս 30, 2025 | 18:00
Գործընկերներ
Կրթություն
Ուսանողական
«Սիգման» միջազգային հեղինակավոր դպրոցն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում՝ ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարանի, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի համատեղ նախաձեռնությամբ ս.թ. հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Երևանում կանցկացվի «Սիգման» լազերների միջազգային դպրոցը: Այն հնարավորություն կընձեռի մասնակիցներին խորությամբ ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր բնագավառներում։

«Սիգման» միջազգային առաջին դպրոցն անցկացվել է «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և «IPG Photonics»-ի նախաձեռնությամբ 2014 թվականին Սթենֆորդում։ Նախորդ տասը տարիների ընթացքում դպրոցն անցկացվել է Իսպանիայում, Գերմանիայում, Մեքսիկայում, Դանիայում, ԱՄՆ-ում, Իռլանդիայում։ Տասնմեկ տարի անց՝ 2025 թվականին, ԵՊՀ-ն, համագործակցելով «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության և Բրյուսելի ազատ համալսարանի հետ, հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը հյուրընկալելու է դպրոցի հարյուրից ավելի մասնակիցներին։
Ի՞նչ է «Սիգման» դպրոցը
«Սիգման» միջազգային ամենամյա դպրոցը հնարավորություն է տալիս ուսանողներին և երիտասարդ գիտնականներին խորապես ուսումնասիրելու լազերային ֆիզիկայի հիմունքներն ու լազերների կիրառությունները գիտության և տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում։ Էնթոնի Սիգմանի անվամբ դպրոցը, որն ավելի քան հիսունամյա գործունեության ընթացքում նշանակալի դերակատարում է ունեցել լազերային ֆիզիկայի հիմնադրման և զարգացման գործում, ինչպես նաև բնագավառի բազմաթիվ նորարարությունների հեղինակ է։
Մեկշաբաթյա ծրագրի ընթացքում ոլորտի միջազգային ճանաչում ունեցող գիտնականները և արդյունաբերական առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են գալու դասախոսություններով։ «Սիգման» միջազգային դպրոցի ծրագրում ընդգրկված են լազերների նախագծմանը, աշխատանքի սկզբունքներին, տարբեր ծագման ակտիվ միջավայրերի ոչ գծային հատկություններին, ինտեգրված նանոչափսերի լազերային համակարգերի արտադրությանը, տարբեր կիրառություններին և արդի խնդիրներին առնչվող դասախոսություններ։ ՀՀ-ում գործող լազերային ֆիզիկայով զբաղվող գիտական խմբերի ներկայացուցիչները (ինչպիսիք են ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի և «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի հետազոտողները) ևս դպրոցի շրջանակում կներկայացնեն երկրում բնագավառի զարգացման վերաբերյալ զեկույցներ։

ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար, միջոցառման համանախագահ Մուշեղ Ռաֆայելյանը մատնանշեց, որ պարբերաբար գործակցային բազմաթիվ կապեր են հաստատվել միջազգային գործընկերների հետ։
««Սիգման» դպրոցը միջազգային հայտնի հարթակ է, որտեղ մեկ նպատակի շուրջ համախմբվում են աշխարհի առաջատար գիտնականները և երիտասարդ հետազոտողները` դառնալու գիտական էկոհամակարգի զարգացման կարևոր խթան։ Այս դպրոցը եզակի է լազերային ֆիզիկայի բնագավառում նոր գիտելիքներ ձեռք բերելու, նորարարությունների կենտրոնում լինելու և գիտական համագործակցություններ հաստատելու առումով»,- նշեց նա։
Ովքե՞ր հնարավորություն ունեն մասնակցելու դպրոցին
Բրյուսելի ազատ համալսարանի գիտաշխատող, ԵՊՀ շրջանավարտ Տաթևիկ Չալյանը շեշտեց, որ ամեն տարի մագիստրատուրայի և ասպիրանտուրայի մինչև 100 ուսանողներ հրավիրվում են մասնակցելու ծրագրին՝ հնարավորություն ստանալով ներկայացնելու իրենց կատարած հետազոտությունները, արձանագրած գիտական արդյունքներն ու եզրակացությունները։
«ԵՊՀ-ում անցկացվելիք «Սիգման» դպրոցին առաջին անգամ մասնակցելու են ուսանողներ աշխարհի 25 երկրներից, ինչն աննախադեպ է։ Մասնակիցների ընտրությունը կատարվել է «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության տրամադրած հայտերի հիման վրա, որոնցից ժյուրին ընտրել է վերջնական մասնակիցներին՝ համաձայն որակական չափանիշների»,- ասաց նա և հավելեց, որ դպրոցի անցկացումը բացառիկ հնարավորություններ է ընձեռում զարգացող երկրների մասնակիցներին։
Ծրագրի շրջանակում ովքե՞ր են հյուրընկալվելու և դասավանդելու ԵՊՀ-ում
Միջազգային դպրոցի շրջանակում դասախոսություններով են հանդես գալու Անգլիայի, Իտալիայի, Գերմանիայի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Բելգիայի և մի շարք այլ երկրների բուհերի պրոֆեսորներ:
Դասախոսական կազմում ընդգրկված են բնագավառի անվանի գիտնականներ, ինչպես, օրինակ, Ջիմ Կաֆկան (ԱՄՆ), որը տիտանիում-սաֆիրային առաջին գերարագ լազերի նախագծողն է, ինչպես նաև «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության ներկայիս նախագահը։ Դպրոցի շրջանակում ԵՊՀ է այցելելու «Սիգման» դպրոցի համահիմնադիր, «OPTICA» օպտիկների միջազգային կազմակերպության նախկին նախագահ Էրիկ վան Սթրիլանդը (ԱՄՆ)։ Նա հայտնի է z-սկանավորման տեխնիկայի մշակմամբ, որը հնարավորություն է տալիս չափելու նյութերի ոչ գծային հատկությունները: Ոչ գծային նյութերի կիրառությունները ներառում են ամբողջովին օպտիկական անջատումները, սենսորները, լազերները: Հրավիրյալ դասախոսների շարքում են նաև Մարտին դե Ստերկեն (Ավստրալիա), Կառլո Սիրտորին (Ֆրանսիա), հայազգի Մհեր Ղուլինյանը (Իտալիա) և Հենրի Հելվաջյանը (ԱՄՆ)։ Միջազգային դպրոցին մասնակցելու են նաև ուսանողներ և դասախոսներ Բրյուսելի ազատ համալսարանից։
Ինչպե՞ս է Բրյուսելի ազատ համալսարանը ներգրավվել «Սիգման» միջազգային դպրոցի կազմակերպման գործընթացում
«OPTICA»-ի դեսպան Տաթևիկ Չալյանը, որը կարևոր ներդրում ունի 2025 թ․ կազմակերպվող «Սիգման» դպրոցի կազմակերպական աշխատանքներում, ընդգծեց, որ «OPTICA» միջազգային կազմակերպության գործընկերների հետ համագործակցության արդյունքում որոշում է կայացվել այս տարի դպրոցն անցկացնելու Հայաստանում։ Հյուրընկալ համալսարանն այս տարի Երևանի պետական համալսարանն է, իսկ Բրյուսելի ազատ համալսարանը՝ համակազմակերպիչը։

«Դպրոցի բացառիկությունը պայմանավորված է նաև նրա ֆինանսական հզորությամբ․ Երևանի պետական համալսարանին այս տարի հատկացվել է 40․000 ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ դպրոցը կազմակերպելու համար, որին աջակցում է նաև «THORLABS» ընկերությունը։ Այն օպտիկական կոմպոնենտների համաշխարհային խոշորագույն մատակարարներից մեկն է»,- ասաց նա։
Գիտաշխատողը գործընկերների՝ Բրյուսելի ազատ համալսարանի պրոֆեսոր Հեիդի Օտտևաերեի և ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի ղեկավար Մուշեղ Ռաֆայելյանի հետ (նրանք նույնպես դպրոցի համանախագահներ են) համատեղ աշխատելով՝ կարճ ժամանակահատվածում կազմել են հայտնի գիտնականների մասնակցությամբ մեկշաբաթյա յուրօրինակ ծրագիր։
Տաթևիկի խոսքով՝ կազմակերպական աշխատանքներին մասնակցում է նաև Երևանի պետական համալսարանին առընթեր գործող Օպտիկների միջազգային կազմակերպությունների՝ «Optica»-ի և «SPIE»-ի ուսանողական միացյալ մասնաճյուղը («YSO Student Chapter»), ինչն իր հերթին նոր հորիզոն է բացում ԵՊՀ ուսանողների առջև՝ ընդգրկվելու միջազգային գիտական հարթակներում։
Ի՞նչ կտա միջազգային դպրոցը
Միջազգային դպրոցը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում ստանալու ոչ միայն լազերային ֆիզիկայի և նրա կիրառությունների մասին գիտելիքներ, այլև ձեռք բերելու արժեքավոր փորձառություն՝ աշխատելով ոլորտի առաջատար մասնագետների հետ։ Ըստ կազմակերպիչների՝ «Սիգման» միջազգային դպրոցի շրջանակում ամրապնդվելու և ստեղծվելու են գիտական նոր կապեր, տվյալ գիտական ոլորտի միջազգային տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, համալսարաններում գործող գիտական խմբերի, լաբորատորիաների միջև նոր համագործակցություն։
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցներին տրվելու են մասնակցության հավաստագրեր, որոնք վկայելու են ծրագրում նրանց ներգրավվածության և ձեռք բերած գիտելիքների մասին։