- Գլխավոր
- Նորություններ
- Ֆիզիկայից դեպի ՏՏ ոլորտ․ ԵՊՀ ուսանողի հաջողության պատմությունը
Օգոստոս 08, 2025 | 14:25
Գիտություն
Կրթություն
Մրցույթներ
Ֆիզիկայից դեպի ՏՏ ոլորտ․ ԵՊՀ ուսանողի հաջողության պատմությունը
Երբ խոսում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի լավագույն մագիստրոսների մասին, առաջին հերթին պատկերացնում ենք ծրագրավորողների կամ տվյալագետների։ Սակայն ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի մագիստրոս Փարամազ Չորպաճեանի օրինակն ապացուցում է, որ ֆիզիկայի և ՏՏ ոլորտներն անքակտելիորեն կապված են միմյանց։ Այս մասին է վկայում Փարամազի հաղթանակը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) բնագավառում ամենամյա կրթական պարգևների մրցանակաբաշխության արդյունքում, որի «Լավագույն մագիստրանտ» անվանակարգում նա արժանացել է 2-րդ կարգի մրցանակի։

Դեռևս դպրոցական տարիներից Փարամազը շատ է սիրել բնագիտական առարկաները, հատկապես ֆիզիկան։ Այդ հետաքրքրությունն էլ հետագայում նրան բերեց ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ նա բացահայտեց մի նոր աշխարհ՝ էլեկտրոնիկայի, այնուհետև՝ տեղեկատվական տեխնոլոգիաների։
Խոսելով ոլորտի ընձեռած հնարավորություններից՝ Փարամազը ասում է․ «ՏՏ-ն ինձ հնարավորություն տվեց կիրառելու գիտելիքներս՝ ստեղծելով իրական արժեքներ»։
Երբ նա իմացավ մրցույթում տարած հաղթանակի մասին, առաջին արձագանքը զարմանքն էր, հետո՝ հպարտությունը։

«Սա ինձ համար գնահատանք էր ֆիզիկայի ու ՏՏ-ի համադրմանն ուղղված ջանքերի համար»,- ընդգծում է նա։
Ինչպե՞ս են միմյանց կապված նշյալ երկու ոլորտները․ անդրադառնալով այս թեմային՝ Փարամազը մատնանշում է․ «Ե՛վ ֆիզիկան, և՛ ՏՏ-ն պահանջում են վերլուծական մտածողություն, համակարգային մոտեցում և ճշգրիտ մեթոդներ։ Ըստ իս՝ հենց սա է միավորում այդ երկու ոլորտները՝ ձևավորելով միջգիտակարգային ամուր կապ»։
Ահա այդ ընդհանրությունն էլ հնարավորություն տվեց նրան ֆիզիկայի ոլորտում մասնագիտանալուն զուգահեռ՝ հաջողել ՏՏ ոլորտում։
Թեև սկզբում ՏՏ-ն Փարամազի համար միայն հետազոտություններ կատարելու գործիք էր, այսօր այն նրա համար դարձել է առանձին հետաքրքրություն։ ԵՊՀ մագիստրոսին հատկապես ոգեշնչում է արհեստական բանականությունը (ԱԲ), ինչպես նաև նրա կատարելագործմանն ուղղված աշխատանքները։
«ԱԲ-ն ինձ համար էվոլյուցիայի հաջորդ քայլն է, որտեղ միահյուսվում են բանականությունն ու տեխնոլոգիան»,- ասում է նա։
Հարցին, թե ինչ նախագծի կամ գաղափարի շնորհիվ արժանացավ մրցանակին, Փարամազը պատասխանում է. «Այս հաղթանակը հետևողականության, սիրով ու պատասխանատվությամբ սովորելու արդյունքն է։ Ամեն օր սովորել, փորձել ու չհանձնվել․ սա է իմ կարգախոսը»։

Փարամազը հավատում է, որ ՏՏ ոլորտ մուտք գործելու համար պարտադիր չէ մասնագիտանալ հենց այդ ուղղությամբ։
«Եթե ուսանող ես, թեկուզ ոչ ՏՏ ուղղվածությամբ ֆակուլտետի (ինստիտուտ, կենտրոն), մի՛ վախեցիր փորձելուց։ Մասնակցի՛ր տարբեր նախագծերի, խորացի՛ր տարբեր ուղղություններով, որպեսզի հասկանաս՝ որն է քոնը»,- նշում է նա։
ԵՊՀ մագիստրոսն իր ուղին չէր փոխի, եթե անգամ նորից հնարավորություն ունենար մասնագիտություն ընտրելու։
«Ես կրկին կընտրեի նույն մասնագիտությունը, քանի որ ֆիզիկան ինձ տվեց հիմնավոր մտածողություն, իսկ ՏՏ-ն՝ գործիք՝ ստեղծելու ու զարգանալու համար»,- շեշտում է նա։
Փարամազը մտադիր է մասնագիտանալ էլեկտրոնիկայի ուղղությամբ՝ զուգահեռաբար շարունակելով հետաքրքրվել ու աշխատել գիտական և տեխնոլոգիական նոր ուղղություններով։ Նրա տեսլականը հստակ է․ ֆիզիկայի ու ՏՏ-ի համադրությունը կարող է նորարարությունների հիմք դառնալ, օրինակ՝ նոր սերնդի չիպերի ստեղծման, որոնց ձևավորման համար անհրաժեշտ են թե՛ ֆիզիկական մոդելավորումներ, թե՛ բարդ ալգորիթմներ։