- Գլխավոր
- Նորություններ
- Հոգեբանության ուսուցումը արտալսարանային միջավայրում. կայացավ «Camp & Therapy» ճամբարը
Օգոստոս 06, 2025 | 11:43
Կրթություն
Ուսանողական
Հոգեբանության ուսուցումը արտալսարանային միջավայրում. կայացավ «Camp & Therapy» ճամբարը
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ անցկացվեց «Camp & Therapy» խորագրով ճամբարը, որի նպատակն էր ուսանողների համար ստեղծել ուսումնական և փորձառական միջավայր՝ հնարավորություն տալով նրանց լսարանային պայմաններից դուրս ծանոթանալու անձնային խանգարումների դասակարգմանը, դրանց դրսևորումներին, ինչպես նաև ձևավորել գործնական հմտություններ՝ նմանօրինակ խնդիրներով մարդկանց հետ աշխատանքում կիրառելու համար։

ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում անցկացված ճամբարի հիմքում ինտեգրացիոն մոդելն էր, ինչը հնարավորություն տվեց համադրելու տեսական գիտելիքները, մասնագիտական բանախոսությունները, փորձառական վարժությունները, ինտերակտիվ դերային խաղերն ու խմբային աշխատանքները։

Եռօրյա ծրագրի շրջանակում (ս․թ․ հուլիսի 18-20-ը) կազմակերպված սեմինարներն ուղեկցվեցին «Camp Do» ձևաչափով հանդիպումներով, որոնց շնորհիվ մասնակիցներն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները։ Վերոնշյալից զատ՝ ուսանողները հնարավորություն ունեցան նաև անցնելու անձնային աճի և ինքնակարգավորման պրակտիկաներ:
Անդրադառնալով ճամբարի կազմակերպման կարևորությանը՝ ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սյուզաննա Դանիելյանը նշեց, որ երեք օրերի ընթացքում ճամբարը վերածվեց ոչ միայն մասնագիտական հմտությունների զարգացման հարթակի, այլև համընդհանուր անձնային աճի, համագործակցության և գործընկերային մթնոլորտի ստեղծման իրական միջավայրի։ Նրա խոսքով՝ ճամբարի շնորհիվ ուսանողները հնարավորություն ունեցան դուրս գալու դասական սեմինարների շրջանակից և տեսնելու հոգեբանությունը գործողության մեջ։

«Ճամբարի մասնակիցների արձագանքներն ու ցուցաբերած ակտիվությունն ապացուցեցին, որ այսօրինակ ձևաչափերն անհրաժեշտ են հոգեբանության ուսուցման գործընթացում՝ ուսանողների շրջանում ապահովելու գիտելիքի և փորձի հավասարակշռված մատուցում։ Այս օրերին արձանագրված արդյունքները հիմք են ստեղծում, որ ծրագիրը դառնա շարունակական՝ ընդգրկելով մասնակիցների ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահը։
Ճամբարականների հետ իրենց մասնագիտական փորձով կիսվեցին նաև ԵՊՀ սոցիալական և կլինիկական հոգեբանության ամբիոնի դասախոս Անի Մարգարյանը և անձի հոգեբանության ամբիոնի դասախոս Հասմիկ Հակոբյանը:
Նշենք, որ ճամբարի ավարտին մասնակից բոլոր ուսանողներն ստացան մասնակցության հավաստագրեր, որոնք վկայում են ճամբարի շրջանակում անձնային խանգարումների դասակարգման, ախտորոշման և բուժման վերաբերյալ նրանց ստացած գիտելիքների, ինչպես նաև ձեռք բերած ինքնակարգավորման հմտությունների մասին։